Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին


«Ֆիգարո»-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ռազմական գործողությունները դադարեցնելու՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների կոչին, ասել է․ - «Թուրքիան և Ադրբեջանն են, որ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քանի որ նրանք են նախահարձակ կողմը և այս պահին էլ հայերի են սպանում։ Լեռնային Ղարաբաղը չի կարող զինաթափվել, քանի որ դա կհանգեցնի ցեղասպանության»։

Նշելով, որ բանակցությունների համար միակ ձևաչափը Մինսկի խումբն է, Փաշինյանն ասել է՝ սպասում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվորեն կներգրավվի ագրեսիայի դադարեցմանը։ Թուրքիան իր կողմնակալ և ռազմատենչ վարքի համար չի կարող միջնորդ լինել։

«Գրուզիա օնլայն»-ի վերլուծաբանը նշելով, որ Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ են, գոյություն ունի ռազմական փոխօգնության պայմանագիր՝ մեկնաբանում է․ «Այս ֆոնին Պուտինի գործողությունները, ավելի ճիշտ անգործությունը լուրջ մտահոգություններ և կասկածներ է առաջացնում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Տպավորություն է ստեղծվում, որ Պուտինը գիտակցաբար ժամանակ է ձգում, չի ցանկանում ակտիվորեն միջամտել և Կովկասում իր հիմնական գործընկերոջը միայնակ է թողնում Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Մինչ Պուտինը մտածում է, իսկ միջազգային հանրությունը վրդովվում ու հառաչում է՝ մարտերը շարունակվում են, արյուն է թափվում, զոհվում են մարդիկ, և եթե այսօր դա չկանգնեցի, վաղը արդեն շատ ուշ կլինի։ Պուտինը, որպես լավ դերասան ձգում է պաուզան, ցանկանալով ընդգծել իր նշանակությունն ու անհրաժեշտությունը և մտադիր է հայտնվել ամենածայրահեղ պահին: Սակայն պաուզան հանկարծ շատ չպահի, այլապես նրա հայտնությունն ու ներկայությունը կարող է և անհրաժեշտ չլինի»։

Իսրայելական Haaretsz թերթը, անդրադառնալով Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով Թել Ավիվից Հայաստանի դեսպանին հետ կանչելու Երևանի որոշմանը, գրում է, որ Ղարաբաղում բռնկված այս վերջին առճակատումից օրեր առաջ ադրբեջանական տրանսպորտային ԻԼ-76 երկու օդանավ վայրէջք են կատարել Իսրայելի օդուժի Ուվդայի ավիաբազայում։ Ադրբեջանական ևս երկու օդանավի թռիչք իրականացվել է մարտերը սկսվելուց ի վեր։ Ադրբեջանին վաճառված զենքի մասին Իսրայելի պաշտպանության նախարարությունը թերթին մեկնաբանություն չի տվել, իսկ մինչ այս վաճառված զենքի մասին Haaretsz-ը, վկայակոչելով Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի տվյալները, գրում է, որ Իսրայելը 2006-2009 թվականների ընթացքում Ադրբեջանին 825 միլիոն դոլարի զենք է վաճառել, այդ թվում՝ դրոններ, հակատանկային հրթիռներ, հրթիռային համակարգեր:

The Jerusalem Post-ի կարծիքով՝ ամեն դեպքում սխալ կլինի մտածել, թե այդ հակամարտությունը մեծ մտահոգություններ չեն առաջացնում Իսրայելում, որովհետև Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը պոտենցիալ խաչմերուկ է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի համար, որոնց դերակատարությունը Մերձավոր Արևելքում աճում է։

Daily Mail-ը գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Վարազդատ Հարոյանը հետաձգել է տրանսֆերը հունական AEL Larissa ակումբ հետաձգել է՝ պաշտպանելու համար իր երկիրը Ադրբեջանի հարձակումներից։ Հարոյանի գործակալը մեսիջ է ուղարկել հունական ակումբի սեփականատիրոջը, տեղեկացնելով, որ Հարոյանը զորահավաքին է մասնակցել, ինչպես 40-ից ցածր Հայաստանի բոլոր քաղաքացիները և արդեն գտնվում է պատերազմական գոտում։

Վերջին երք տարիների ռուսական «Ուրալ»- ում հանդես եկած Հարոյանը այս շաբաթվա սկզբին պետք է միանար հունական ակումբին, գրում է Daily Mail-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG