Մատչելիության հղումներ

Պատերազմի 9-րդ օրն «ամփոփում ենք առաջնագծում կայուն հաջողությամբ», ասում է Արցախի նախագահը


Արցախի ՊԲ զինառայողը մարտական գործողությունների ժամանակ, հոկտեմբեր, 2020թ.
Արցախի ՊԲ զինառայողը մարտական գործողությունների ժամանակ, հոկտեմբեր, 2020թ.

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունների 9-րդ օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ։

Հարությունյանը մասնավորապես գրել է․ - «Ադրբեջանի ահաբեկչական բանակը միայն «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարում է՝ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից առայսօր կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր։ Արցախում մինչև հոկտեմբերի 4-ը զոհվել է 19 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 80-ը։

Բեգլարյանի փոխանցմամբ, զոհերի ճնշող մասն Ադրբեջանի կողմից դիտավորյալ թիրախավորման հետևանքով է։ «Կան հիմնականում հրթիռային, հրետանային հարվածներ, կան դեպքեր անօդաչու թռչող սարքի հարվածից, նույնիսկ ինքնաոչնչացվող հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածից, կան դեպքեր բարձր դիպուկությամբ հրթիռային համակարգերի հարվածներից՝ հատկապես վերջին օրերին Ստեփանակերտում, և նաև կան դեպքեր օդուժի հարվածներից՝ ռմբահարումների հետևանքով։ Ադրբեջանը նպատակ է ունեցել խիտ բնակեցված հատվածներին հարվածել, մեծ վնասներ հասցնել մարդկային և նյութական, միգուցե նաև խուճապի, կամ ահաբեկման որոշակի նպատակներ են ունեցել», - հայտարարեց Բեգլարյանը։

Ադրբեջանական կողմից տարածվող տեղեկությունները, թե Հայաստանի տարածքից հրթիռակոծվում են Ադրբեջանի մի շարք բնակավայրեր, Երևանից պաշտոնական մակարդակով հերքում են․ Պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքել էր դրանք, այլև հայտարարել՝ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է՝ Արցախի Պաշտպանության բանակի զինված ուժերը համապատասխան պատասխան են տալիս ադրբեջանական գործողություններին՝ թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները, զորքերը, զորախմբերը, բացառապես աշխատելով ռազմական թիրախների ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, հիշեցնենք, սոցցանցերում գրառումներով պնդել էր, թե Գյանջայի վրա արձակվել է 4-ից ավելի հրթիռ, Խըզը և Ապշերոն շրջանի վրա՝ 300 կմ հեռահարությամբ 2 հրթիռ, Մինգեչաուրի ջրամբարի և էլեկտրակայանի ուղղությամբ՝ 4 հրթիռ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ միացմամբ դիմեց բանակից վերջին մեկ տարում զորացրված երիտասարդներին՝ կոչ անելով զինվորագրվել պայքարին։ Անդրադառնալով այս կոչին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց․ - «Մենք հայտարարել ենք լիարժեք զորահավաք, և դա շատ բնականոն պրոցես է այս բավականին բարդ ու ծանր մարտական գործողությունների պարագայում»։

Վարչապետի կոչից ժամեր անց երիտասարդներն այցելել էին Կենտրոնական հավաքակայան՝ զինվորագրվելու։

«Առանց մեկ վայրկյան մտածելու՝ տանից հագնվել եմ ու դուրս եմ եկել», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Հավաքակայան եկած տղաներից մեկն էլ հավելեց․ - «Էականն այն է, որ գնաս մարտադաշտ, այնտեղ կատարես խնդիր, որևէ օգուտ տաս հայրենիքին, պետությանը»։

Տղաներից մեկն էլ եզրափակեց․ - «Երբ որ 3 միլիոնը 90 միլիոնի դեմ է կռվում, ուրեմն արդեն հաղթել ենք»։

XS
SM
MD
LG