Մատչելիության հղումներ

Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ. ՄԻՊ


Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ մարտական գործողությունների մեկնարկից` սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է ընդհանուր 19 խաղաղ բնակիչ, որից 1-ը` մանկահասակ աղջիկ, 7 կին և 11 տղամարդ:

«Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ)», - հայտնում է ՄԻՊ-ը:

Ըստ նույն աղբյուրի` մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 24-ը վիրավորումը ստացել են անմիջապես իրենց բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով (ընդ որում՝ ութ անձանց պարագայում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, 7-ը՝ հումանիտար գործառույթ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի արկակոծման, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերի թիրախավորման հետևանքով:

Թիրախավորվել է ավելի քան 60 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 2100 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 240 մեքենա, շուրջ 350 ենթակառուցվածքային ու արտադրական նշանակության օբյեկտներ:

«Երեկ ու այսօր ևս Ադրբեջանը ծանր հրթիռներով հարվածել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը: Երեկվա հարվածների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է նախնականորեն չորս զոհ և 10 վիրավոր, իսկ այսօրվա հարվածների հետևանքների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են», - նշում են ՄԻՊ գրասենյակից:

Մինչև հոկտեմբերի 4-ը զոհված քաղաքացիական անձանց տվյալներն են՝

1. Լեսմոնյա Ստեփանյան, 1941թ., քաղաք Հադրութ,

2. Վիկտորիա Գևորգյան, 2011թ., քաղաք Մարտունի,

3. Էլլադա Բալայան, 1961թ., քաղաք Մարտունի,

4. Էրիկ Գրիգորյան, 1996թ., քաղաք Ստեփանակերտ,

5. Լյուբա Մամունց, 1957թ., քաղաք Մարտակերտ,

6. Լարիսա Մամունց, 1959թ., քաղաք Մարտակերտ,

7. Հրանտ Խաչատրյան, 1955թ., քաղաք Մարտակերտ,

8. Գրիշա Նարինյան, 1992թ., քաղաք Մարտունի,

9. Արմեն Հովսեփյան, 1985թ., քաղաք Մարտունի,

10. Վալերիկ Դադայան, 1956թ., քաղաք Մարտունի,

11. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Մարտունի,

12. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, Ալաշան բնակավայր,

13. Ռուզաննա Հովհաննիսյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

14. Հովիկ Աղաջանյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

15. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ:

16. Սուրեն Միրզոյան, 1962թ., ծնված տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

17. ևս երեքի ինքնությունը և ծնված տարեթիվը դեռևս չի պարզվել, քաղաք Ստեփանակերտ:

Նշենք, որ Ադրբեջանը հաղորդել է շուրջ 2 տասնյակ քաղաքացիական զոհերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG