Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ. Բաքվի ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Արցախի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը


Արցախի ՊԲ զինծառայողը մարտի ժամանակ, սեպտեմբեր, 2020թ.
Արցախի ՊԲ զինծառայողը մարտի ժամանակ, սեպտեմբեր, 2020թ.

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է՝ Հայաստանից Ադրբեջանի վրա կրակ չի վարվել։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Ադրբեջանական կողմն, առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու, հայտարարում է, թե իբր Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները»։

Ավելի վաղ էլ նախարարությունը հերքել էր Ադրբեջանից հնչող այն հայտարարությունները, թե Հայաստանի տարածքից հրթիռակոծվել են ադրբեջանական Մինգեչաուր քաղաքն ու այնտեղ գտնվող ենթակառուցվածքները։

«Հերթական սուտն ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում», - եզրափակել է ՊՆ խոսնակը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող այս հայտարարություններին, հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ - «Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության, ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում»։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, ադրբեջանական կողմն այսպիսով փորձում է կոծկել պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը սոցցանցերում գրառումներով պնդել է, մասնավորապես, թե Գյանջայի վրա արձակվել է 4-ից ավելի հրթիռ, Խըզը և Ապշերոն շրջանի վրա՝ 300 կմ հեռահարությամբ 2 հրթիռ, Մինգեչաուրի ջրամբարի և էլեկտրակայանի ուղղությամբ՝ 4 հրթիռ: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ ենթակառուցվածքներին լուրջ վնաս չի հասցվել, կան մի քանի վիրավորներ:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները շարունակվում են։ Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում։ Ըստ ՊՆ-ի, ադրբեջանական կողմը հարձակման փորձեր է ձեռնարկում, որոնք Պաշտպանության բանակը կանխում է։

Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մատաղիսն ու Ջաբրայիլը գրավելու մասին հայտարարությունները։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի զինուժը երեկ որևէ մարտավարական նշանակալի գործողություն չի իրականացրել։

«Ես երեկ հարց ուղղեցի՝ եթե Ալիևը վստահ է, որ Մատաղիսն ազատագրել են, ապա ինչո՞ւ չի այցելում Մատաղիս։ Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում։ Փաստացի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ սխալ են զեկուցում, այսինքն՝ ռազմավարական կառավարման համակարգի հետ խնդիր կա», - երեկ երեկոյան ասաց Հովհաննիսյանը։

Այս ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռադիոկապի միջոցով կրկին առաջնագծում գտնվող զինվորականներին դիմեց՝ ներկայացնելով իր հրամանագրերով Արցախի հերոսի կոչմանն արժանացած 5 զինվորականներին։

XS
SM
MD
LG