Մատչելիության հղումներ

Երեկ Ստեփանակերտի և Շուշիի հրետակոծման հետևանքով առնվազն 4 խաղաղ բնակիչ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ


Արցախ - Հրետակոծման պատճառած ավերածությունները Ստեփանակերտում, 4-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախ - Հրետակոծման պատճառած ավերածությունները Ստեփանակերտում, 4-ը հոկտեմբերի, 2020թ.

Ադրբեջանը կիրակի օրն աննախադեպ ինտենսիվությամբ գնդակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին, քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Վերջին պաշտոնական թվերով՝ խաղաղ բնակչությունից 4 զոհ, 10 վիրավոր կա:

Ստեփանակերտին հարվածներ սկսեցին հասցվել երեկ վաղ առավոտից՝ 7:30-ից սկսած, լսվեց առաջին օդային տագնապը, որից հետո ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանը ինքնաթիռից, «Սմերչ» ու «Պոլոնեզ» համակարգերից հարվածներ հասցրեց Արցախի մայրաքաղաքին: Զինատեսակների հետ կապված հաստատում եղել է նաև պաշտոնական աղբյուրներից:

Ավերվել են շենքեր, տներ, քաղաքում տեսանելի են պայթյունի հետևանքով առաջացած խոշոր և խորը փոսեր: Ստեփանակերտի տարբեր հատվածներում երեկ նկատելի էր երկինք բարձրացող սև թանձր ծուխ:

Ռազմավարական նշանակության օբյեկտների հնարավոր խոցման մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

«Ազատության» տեսախցիկը ֆիքսել է «Սմերչ» կասետային հրթիռի հարվածի հետքերը: Կասետային զինատեսակները, հիշեցնենք, միջազգայնորեն արգելված են, և չնայած դրան՝ Ադրբեջանը դրանք կիրառում է անգամ խաղաղ բնակչության նկատմամբ:

Ստեփանակերտի և Շուշիի նկատմամբ երեկվա աննախադեպ հարվածներից հետո որոշում է կայացվել մամուլի կենտրոնը տեղափոխել այլ՝ առավել ապահով վայր: Արցախի արտգործնախարարության հայտարարությունում ասում է, որ հաշվի են առել ստեղծված իրավիճակը, փաստը, որ լրագրողներն ադրբեջանցիների կողմից հատուկ են թիրախավորվում, և այստեղ օտարերկրյա քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և նրանց կյանքին իրական սպառնալիքը կանխելու խնդիր կա, և հենց դա է եղել որոշման պատճառը:

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր առավոտյան Ֆեյսբուքում գրում է, որ այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Ստեփանակերտը։

XS
SM
MD
LG