«Աշխարհի բոլոր լրատվամիջոցները պետք է օբյեկտիվ ներկայացնեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախին հայտարարված պատերազմը», այս պահանջով Ամերիկայի տարբեր նահանգներում ապրող հայերը դուրս են եկել փողոցներ` ժամեր շարունակ փակ պահելով մի քանի բանուկ ճանապարհներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը։
«Սփյուռքը ձեզ հետ է, մենք ձեզ հետ ենք, մենք ուժեղ ենք միասին, մենք մի բռունցք ենք», - ասում է Արամ Այրումյանը:
Հայաշատ Լոս Անջելեսի հայերն էլ բազմամարդ բողոքի ակցիա են սկսել CNN հեռուստաընկերության առջև. - «Մենք մինչև վերջ մնալու ենք, մինչև լուսաբանեն այս ամեն ինչը»:
CNN-ի շենքի առջև հավաքված հայերը մտադիր են բողոքի ակցիան շարունակել գիշեր-ցերեկ, ամերիկյան հայտնի հեռուստաընկերությունից պահանջում են, որ վերջին ռազմական զարգացումները լուսաբանի այնպես, ինչպես կա։ Կապ հաստատեցինք ցույցի մասնակիցներից Մարիամ Հովհաննիսյանի հետ. - «Հավաքվել ենք CNN-ի առջև, մինչև որ CNN-ը կգա և մեզ ամբողջական ռեպորտաժ կանի և ողջ աշխարհին կներկայացնի միջազգային ձևով, թե ինչ է կատարվում իրականում Հայաստանում և Արցախում»:
Հարցազրույցի ընթացքում հենց հարթակից ցույցի կազմակերպիչներից Քրիստինե Հալաջյանը տեղեկացրեց հավաքվածներին, որ «Ազատության» ուղիղ եթերում են, դա լսելուն պես ցույցի մասնակիցները ողջույններ ուղարկեցին Հայաստան. - «Ժողովուրդ ջան, մեզ միացել է «Ազատություն» ռադիոկայանը, ողջույններ ուղարկենք: Հա-յաս-տան, Հա-յաս-տան»:
Ակցիայի մասնակիցները հենց հարթակից էին տեղեկացնում մասնակիցներին, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ կարդալով Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումները. - «Գյաջանյաի ռազմական օդանավականը հօդս ցնդեց: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում, եթե նայում եք հիմա լայվով, արագ լքել այդ քաղաքները` հնարավոր կորուստներից խուսափելու համար»:
«Մենք փակում ենք ճանապարհներ, անում ենք ամեն ինչ, որպեսզի միջազգային լրատվությունը հայտնի բոլորին, ու բոլորն ինֆորմացվեն, թե ինչ է կատարվում Ղարաբաղում», - նշում է Պապ Պողոսյանը:
CNN հեռուստաընկերության մոտ հայերի կազմակերպած բողոքի ակցիային միացած ու Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հայտարարեց՝ այս պատերազմը հայկական կողմին պարտադրվել, է և հայերն այսօր ապացուցում են, որ կարող են հաղթել, և որևէ քայլ որ տեղի համայնքն անում է, պետք է չազափանց կազմակերպված ու նպատակային լինի. - «Մենք այսօր ապացուցում ենք, որ կարող ենք պաշտպանվել, կարող ենք մեր հայրենիքը պաշտպանել, կարող ենք մեր ժողովրդին պաշտպանել:
Միասին մինչև հաղթանակ»:
«Այս ողջ ժողովուրդը ձեր բանակն է, օգտագործեք բոլոր լծակները, բոլոր օրենսդրական հնարավորությունները, մենք ձեր կողքին կանգնած ենք ամեն ինչով, մենք զինվորներ ենք, դուք ղեկավարեք, ձեր ցավը տանեմ», - ասաց մասնակիցներից մեկը:
Մի քանի ժամ շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցներից շատերը տուն էին գնացել հանգստանալու, որ կրկին միանան ակցիային ավելի մեծ խմբերով։ CNN-ը թեև վերջին օրերին մի քանի անգամ լուսաբանել է Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունները, սակայն Աշխեն Փալանջյանն, օրինակ, նեղսրտած է, ասում է՝ դա իրենց չի գոհացնում. - «Ամբողջ հայությունն ու ամբողջ աշխարհում ասում են, որ պատերազմ է ընթանում, սա ընդամենը կոնֆլիկտ չի, սա արդեն լուրջ պատերազմ է, մարդիկ են մահանում, բայց իրենք ընդամենը ասում են կոնֆլիկտ: Այստեղ մի թեթև մի բան լինում է, ասենք` բնապահպաններն ինչ-որ մի բան են գտել, դժգոհ են և այլն, այնպիսի լուսաբանում է ստանում, այնպիսի ցույցեր են լինում, բայց մեր այս հարցը ոչ մի կերպ չեն տարածում»:
Բողոքի ակցիայի մասնակիցները ցույցի ընթացքում մի քանի անգամ հայտարարեցին՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. - «Պիտի ճանաչեն Արցախի Հանրապետությունը, որովհետև Արցախը Հանրապետություն է, նա պետք է ստանա ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե կոչում»: