Մատչելիության հղումներ

Ապաստարանում մանկաբույժը դարձել է արտակարգ իրավիճակների բժշկուհի


Տես հո ժամկետանց չի՞, ադրբեջանանական պահածոյով ու կատակելով ապաստարանի բուժկետ են մտնում մի քանի զինվորներ առաջնագծից:

Զինվորների բժշկուհին Հասմիկ Ղահրամյանն է։ «Մանկաբույժ էի, հիմա դարձել եմ արտակարգ իրավիճակների բժշկուհի»,- ասում է Ճարտար գյուղի բժշկուհին, իր փոքր անձնակազմի հետ ապաստարանում բուժսպասարկման բոլոր պայմաններն ստեղծել են. - «Սանիտարկաները, բուժքույրերը, բժիշկները, լրիվ անձնակազմն այստեղ է: Ինչ որ կկարողանանք, կանենք, ինչ որ չենք կարողանա, կուղարկենք այնտեղ, որտեղ կարող են»:

Ճարտարցիներն այստեղ են պատսպարվել ադրբեջանական հրետանու արկերից ու հրթիռներից, խաղաղությունից բացի, ոչ մի բանի կարիք չունեն. - «Սննդի հարցով ընդհանրապես պրոբլեմ չունենք, որովհետև ամբողջ բնակչությունը, բարերարներն ամեն կերպ, նույնիսկ մի բան էլ ավել ա, չգիտենք` որտեղ տեղավորենք, պակասություն չունենք սննդի: Հենց հիմա նոր գնացի կանչի, ճանապարհին կանգնեցրին, մեզ լիքը հաց տվեցին»:

Մի սենյակում վիրակապ են դնում, մի տեղ սուրճ եփում, սեղանին Արցախի ընկույզն ու նուռն են, և պարբերաբար հետևում են լուրերին, ծիծաղում են՝ Արծրուն Հովհաննիսյանն արդեն ապաստարանի բնակիչ է դարձել, ձայնն այնքան հաճախ են լսում։ Ապաստարանում համացանց չկա, հեռուստացույցն է տեղեկություն ստանալու միակ աղբյուրը:

«Ներկա պահին ես ուզում եմ, որ ուղղակի մեր թաղի երեխեքի ու մամայի հետ էստեղ գտնվեմ ու տղաների հետ նույն հողում գտնվենք», - ասում է բժշկուհու դուստրը՝ Անուշը, ով փաստաբան է, հարցնում է՝ 21-րդ դարում պատերազմական հանցագործություններ են իր աչքի առջև ամեն օր, միջազգային հանրությունն ի՞նչ է անում. - «Սա ուղղակի աննախադեպ է, 21-րդ դարում նման անմարդկային հանցագործություններ, ու տպավորություն է, որ բոլորի ուշադրության կենտրոնում ենք, բայց արդյունքի չի բերում դա»: Եվ քանի որ արդյունք չկա, ապավինում է գրականությանն ու դիպուկ ընտրություն է կատարել՝ Սարոյանի «Վեսլի Ջեքսոնի արկածները» գիրքն է ձեռքին. - «Ես խորհուրդ կտայի բոլորին, ով վախենում է, կարդա ու հանգստանա, Սարոյանը հանգստացնում է, լավագույն ընկերն ու հոգեբանն է այս պահին»:

Ապաստարաններում բոլորն արթնանում են նույն ժամին՝ ակտիվ հրետակոծությունների ձայներից, հետո պարբերաբար օդային տագնապի ազդանշաններն են:

Վերջին օրերին Սմերչի հրթիռների տակ է հայտնվել Հադրութը։ Արցախում աշխատող «Ազատության» թղթակից Նաիրա Նալբանդյանը Ճարտարի ապաստարանից հետո նաև Հադրութում է շրջել: Քաղաքապետ Վահան Սավադյանը նրան է ցույց տվել բառացիորեն ավերակների վերածված բնակելի տները, հենց ննջարաններում պայթած արկերը, առօրյա խաղաղ կյանք ենթադրող ու մթերքով լի սառնարաններն ու քանդված խոհանոցներում պատերազմի հողով լցված մեղրի ափսեները: Հադրութի քաղաքապետը շեշտում է՝ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը միջազգայնորեն արգելված զինատեսակներով. - «Հենց արգելված այդ զինատեսակներն են օգտագործվել խաղաղ բնակիչների դեմ»:

Հրթիռակոծվել է նաև իր տունը, «Սմերչի» կասետային հրթիռը պատից չի հանել՝ հադրութցիների մոտ կատակում է, որ միջանցիկ քամի չլինի հետո:

«Սմերչի» մի հրթիռը մի քանի տասնյակ արկեր է փռում՝ շախմատաձև, ասում է Սավադյանը, հադրութցիների տներում ու տնամերձերում կարմիր ժապավեններն ամենուր են, դատարկված մարտասարքերից են մնացել, իսկ բազկաթոռի մեջ խրված արկը չի պայթել:

Հադրութցի Արկադի Մարտիրոսյանը տան ավերակներն է ցուցադրում, զուգահեռ վստահեցնում, թե մի գնալու ուղղություն ունեն՝ ապաստարանն է, ավելի հեռու՝ ոչ. - «Մեր երեխեքը ստեղ են, ո՞նց գնանք»:

«Համեցեք, մուտքը միայն ժպիտով», գրված է Շահինյանների տան դարպասին, իսկ ներսում ժպտալու բան չկա, բայց տանտերը` Ֆելիքս Շահինյանը, նահանջելու մտադրություն չունի, ցույց է տալիս պատին՝ Խորհրդային Միության հերոս, հադրութցի Աշոտ Գասպարովի յուղաներկ նկարը, հերոսը Մեծ Հայրենականին 300-ից ավելի մարտական թռիչք է կատարել, այդ պատերազմի ելքն էլ հայտնի է բոլորին, «հիմա ինչո՞վ ենք պակաս», հարցնում է Ֆելիքս Շահինյանը. - «Ղարաբաղցին չի հանձնվում, թող սաղ Ադրբեջանն էլ հավաքվի, չի հանձնվելու, մեր հայ ազգի ժողովուրդը չի հանձնվում, վստահ, մենք հաղթելու ենք»:

XS
SM
MD
LG