Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մոտ 30-ամյա ընդմիջումից հետո կրկին անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն կոչ են անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ջո Բայդենը շեշտում է՝ Սպիտակ տունը պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս հակամարտությունից:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները, որոնք սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի: Երեկ այս հարցի շուրջ Նյու Յորքում փակ դռների ետևում անցկացրած քննարկումներից հետո կառույցի անդամ 15 պետությունները կոչ արեցին կողմերին անմիջապես դադարեցնել բախումները և անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները` առանց որևէ նախապայմանի:

Հայտարարությունը, որ ընդունվել է միաձայն, աջակցություն է հայտնում նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ և կոչ արել դադարեցնել կրակն ու հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով` Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ղարաբաղյան հակամարտությունը քննարկել էր մոտ երեք տասնամյակ առաջ`1993 թվականին: Այս անգամ քննարկումը նախաձեռնել էր Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ Էստոնիան։ Ըստ որոշ հաղորդումների, բալթյան պետությանն այդ հարցում աջակցել էին նաև եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում` Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները քննարկմանը ներկա չէին, Անվտանգության խորհրդի նախագահ Աբդու Աբարրին, սական, չի բացառել, որ ՄԱԿ-ը կարող է նաև քննարկում նախաձեռնել նրանց մասնակցությամբ:

«Եթե անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք նաև երկու դեսպանների հետ, որպեսզի նրանք կարողանան փոխհամաձայնության գալ», - ըստ ՏԱՍՍ գործակալության, ասել է Անվտանգության խորհրդի նախագահը: Այլ մանրամասներ նիստից չեն հաղորդվում:

ԵԱՀԿ-ն տագնապ է հնչեցնում

Մինչ այդ, երեկ հակամարտության շուրջ հրատապ քննարկում է անցկացրել նաև ԵԱՀԿ Մշտական խորհուրդը` կառույցի անդամ 57 երկրների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը, խորհրդի նախագահող երկրի` Ալբանիայի դեսպան Իգլի Հասանին վերստին տագնապ է հնչեցրել իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների առնչությամբ ու կոչ արել անհապաղ վերջ տալ իրավիճակի սրացմանը:

Սպիտակ տունը պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս հակամարտությունից. Բայդեն

ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդեն, արխիվ

Ժամեր առաջ էլ հայտարարություն տարածեց Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը: «Հաշվի առնելով Ղարաբաղում և շրջակա տարածքներում արագորեն աճող կորուստները, Թրամփի վարչակազմը պետք է կոչ անի Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին անհապաղ դադարեցնել այս էսկալացիան», - Թվիթերի իր էջում գրել է Բայդենը, հավելելով՝ Սպիտակ տունը նաև պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս հակամարտությունից: Առանց այլախոսության, ուղիղ տեքստով հիշատակելով Թուրքիային՝ ԱՄՆ նախագահի թեկնածուն տարածել է նաև Reuters-ի հաղորդագրությունը, որտեղ գործակալությունը պատմել էր` ինչպես է Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում Հայաստանին ու պնդում, թե եկել է ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու ժամանակը:

Ավելի վաղ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ինքը տեղյակ է խնդրից, և որ իր վարչակազմը ուշի-ուշով հետևում է իրավիճակին: «Մենք այդ տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենք, ուստի կտեսնենք՝ արդյո՞ք կարող ենք դադարեցնել բախումները», - նախօրեին Սպիտակ տանը հայտարարել էր Թրամփը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG