ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեսակապով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է կառույցի պաշտոնական կայքէջը: Քիչ ավելի վաղ Հայաստանի վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Գուտերեշը զրուցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նա կոչ է արել երկու երկրների ղեկավարներին անհապաղ դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում և վերադառնալ բանակցություններին` խուսափելու համար տարածաշրջանում անկայունությունից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր խոր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բախումների առնչությամբ, նաև կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը ու հորդորել կողմերին աշխատել ՄԽ համանախագահների հետ: