Արցախի անկախության ճանաչման նախագիծ կամ Հայաստանի և Արցախի միջև փոխգործակցության համաձայնագիր դեռ օրենսդիրների սեղաններին դրված չկա, սակայն կան քննարկումներ՝ հնարավոր տարբերակների շուրջ։ Այդ մասին հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Այո, քննարկումը շարունակվում է, քննարկվում են և՛ ճանաչման, և՛ փոխգործակցության համաձայնագրի տարբերակները», - ասաց Ռուբինյանը:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ իրենց օրակարգում եղել և մնում է Արցախի ճանաչման հարցը, սակայն արդյոք այժմ պե՞տք է գնալ այդ քայլին, թե ոչ, այդ հարցը պե՞տք է լուրջ քննարկվի։ Ռուբինյանն ասում է՝ այն, որ ճանաչման հարցի վերաբերյալ ակտիվ քննարկումներ են, արդեն կարևոր ուղերձ է. «Ես ուզում եմ շեշտել, որ այսօր կարևորը հետևյալն է՝ մեր քաղաքական դիսկուրսում կա այդ քննարկումը»:
Արցախի ճանաչման գործընթացը սկսելու վերաբերյալ հարցը երեկ ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կարծիք հայտնելով, որ ադրբեջանական ագրեսիան փաստացի վերացրել է այն հանգամանքները, որոնք հաշվի առնելով Հայաստանը չէր ճանաչում Արցախը, բանակցություններ փաստացի չկան, լայնածավալ պատերազմ է: Այսօր Մարուքյանն ասում է՝ խորհրդարանը սկսել է դատապարտող հայտարարությունից։ Հայաստանը իր դիվանագիտական զինանոցում այլ միջոցներ էլ ունեն, որոնց կիրառման հարցը պետք է քննարկել։
«Բնականաբար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական զինանոցում թե՛ այդ հարցը կա, թե՛ ռազմաքաղաքական դաշինքի հարցը կա, բայց այն, որ թեման այսօր հրապարակային քննարկման առարկա է դարձել, դա ես կարծում եմ շատ կարևոր է և իր նշանակությունը ունի: Ուղղակի մենք տարբեր «զենքեր» ունենք և չպետք է այդ «զենքերը միանգամից կրակենք», ըստ անհրաժեշտության, այդ հարցերը կդրվեն սեղանի վրա», - ասաց Մարուքյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ Արցախի ճանաչման հարցը՝ հինգ րոպեի խնդիր է, թեև տարիներ շարունակ այն եղել է օրակարգում, սակայն Հայաստանն այդ քայլին չի գնացել բանակցային գործընթացը չտապալելու համար, սակայն հիմա, Զոհրաբյանը կարծում է, Արցախի ճանաչման ճիշտ ժամանակն է։
«Էլ ի՞նչ պիտի անի Ադրբեջանը, որ մենք մտածենք՝ չվնասենք բանակցային գործընթացին, կարծում եմ՝ մտածել այս պահին խաղաղ բանակցային գործընթացի մասին աբսուրդ է: Պիտի գնալ մինչև վերջ, որովհետև աշխարհը, ցավոք սրտի, հաշվի է նստում ուժի հետ,և ինձ անկեղծորեն վիրավորում է որպես հայ միջազգային հանրության այդ հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները, դրանով միջազգային հանրությունը մեծապես ջուր է լցնում ռազմական հանցագործ Ադրբեջանի ջրաղացին: Ես սա ասում եմ անեն օր եվրոպացի իմ կոլեգաների հետ զրույցներում», - նշեց Զոհրաբյանը:
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մինչդեռ կարծում է, որ ճանաչման հարցը դեռ կարող է սպասել. «Ճանաչումը միշտ կա, բայց քանի որ գործողությունները գնում են մեր համար բարենպաստ հունով այս պահին, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել: Դա կախված է՝ զարգացումները ռազմի դաշտում ինչպիսի ընթացք կունենան»:
Անդրանիկ Քոչարյանը համարում է, որ Հայաստանն ու Արցախն արդեն իսկ կատարել են շատ կարևոր քայլ, ընդունել են պատմական որոշում, հայտարարել են ռազմական դրություն և մոբիլիզացիա։
«Սովորական քայլ չէր դա, երբեք Հայաստանի Հանրապետությունը ռազմական դրություն չի հայտարարել պատերազմի ողջ ընթացքում, և սա ես համարում եմ ամենակարևորագույն դրսևորումը պետության կողմից իրականացված: Եթե այսդպիսի քայլեր արված լինեին 16 թվականին, կարծում եմ՝ մենք այլ պատկեր կունենային: Ռազմական դրությունը նշանակում է, որ մենք ընդունում ենք մարտը, պետությունը ընդունում է և ինքը պետք է հասցնի վերջակետին, այդ դեպքում ինձ ստիպում եք ասել ապրիլյանի վերջակետն ինչով է ավարտվել, ես դա կասեմ, որովհետև սա ակնառու դարձրեց վերջակետի չօգտագործված հնարավորությունները», - ասաց նա: