Արցախում շարունակվող մարտերի հետևանքով վիրավորվածների թիվն այս պահին շուրջ 120 է, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ օրվա առաջին կեսին 200 վիրավորների մասին էր հայտարարվել, նրանց մի մասը թեթև վիրավորում ուներ և առաջին բուժօգնությունն ստանալուց հետո վերադարձել է շարք:
«Վիրավորների մասով ասեմ, որ թիվը փոխվել է դեպի նվազում, որովհետև երբ որ վերլուծել ենք, այսինքն` հանել ենք թեթև վիրավորների թիվը, ովքեր շարունակում են ծառայությունը` վերադարձել են շարք, մոտավորապես 100-120 թվի շրջակայքում շարունակում են մեր վիրավորները մնալ», - ասաց նա:
Առայժմ չեն հրապարակվում թվեր, թե քանիսն են ծանր վիրավորում ստացել: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` մայրաքաղաք են տեղափոխվել շուրջ ութ տասնյակ զինծառայողներ՝ մասնագիտացված բուժօգնության համար. - «Այն մարդկանց, ովքեր անհրաժեշտություն են ունեցել լրացուցիչ և խորքային բժշկական աջակցության կամ մասնագիտացված աջակցության, տեղափոխել են Երևան` հիմնականում մասնագիտացված հիվանդանոցներ և հոսպիտալներում են շարունակում իրենց բուժումները»:
Վիրավորների ընդունում են երևանյան բոլոր մասնագիտացված բուժհաստատությունները։ Ռազմական դրության իրավական ռեժիմի հաստատումից հետո առողջապահության նախարարի հրամանով պլանային կարգով բուժօգնության դիմած քաղաքացիների ընդունումը հիվանդանոցներ դադարեցված է, ընդունում են միայն անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողներին։ Իսկ Գորիսի բժշկական կենտրոնն այս պահին դարձել է վիրավորների միջանկյալ տարհանման կետ։ Այստեղ են գործուղվել նաև մասնագետներ Երևանից։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ` տարհանումն իրականացվում է շտապօգնության մեքենաներով, ռեանիմոբիլներով, սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:
Նելլի Միրզոյանի որդուն Երևանի զինվորական հոսպիտալ են տեղափոխել այսօր առավոտյան, միայն Աստված էր կանչում, որ վիճակը կայուն է. - «Բոլոր երեխեքը թող առողջ, անփորձանք գան, հասնեն իրենց իրենց ծնողներին: Լավ է վիճակը, բոլորից գոհ ենք»:
Իրինա Խատոյանը շարքային Տիգրանի մայրն է, գիշերն են բերել, մայրը ձայնը լսել է ու մի քիչ լավ է. - «Լավ ա, նորմալ վիճակում ա, դե էն է վատ, որ չենք կարող տեսնել, ասում ա` նորմալ ա, դե մեզ հանգստացնելու համար երևի»:
Հոսպիտալի մեկ այլ մուտքի մոտ հերթ է՝ արյան պաշարման բաժանմունքի մոտ քաղաքացիներ են, որոնց վիրավորում է հարցը՝ դուք զինվոր ունե՞ք: «Իհարկե, ունենք ծառայող, էսօր ո՞վ չունի զինվոր ծառայող», - ասոում են նրանք: