Մատչելիության հղումներ

Պաշտոնական Անկարան կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կրկին խոսել է բարեկամական և եղբայրական Ադրբեջանին ողջ կարողությամբ աջակցելու Անկարայի պատրաստակամության մասին: «Եկել է ժամանակը վերջ դնելու տարածաշրջանում սկսված ճգնաժամին», - ասել է Թուրքիայի նախագահը Արևելյան Միջերկրականի թեմայով այսօր կայացած գիտաժողովի ժամանակ իր ելույթում՝ կրկին պնդելով, թե «տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, թե Հայաստանը դուրս գա օկուպացված տարածքներից»։

«Վերջին զարգացումները տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների համար լավ առիթ են խնդրի իրական և արդար լուծմանն ուղղված միջոցներ գործադրելու համար: Հուսով ենք, որ այս հնարավորությունը ամենաարդյունավետ կերպով կօգտագործվի»,- նաև ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրի նախագահը։

Կիրակի Ղարաբաղում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից ի վեր պաշտոնական Անկարան արդեն մի քանի անգամ Ադրբեջանին սատարող հայտարարություններ է արել։ Հայաստանն էլ իր հերթին մատնացույց է անում, որ Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։

Այսօր տարածած հայտարարությունում Հայաստանի արտաքին գերատեսչությունը, մասնավորապես, շեշտել է. - «Հատկանշական է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Այնուհանդերձ, այս ագրեսիայի և դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունը կրել է որակական փոփոխություններ և բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Թուրքիայի ուղղակի ներկայությամբ: Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին»:

Թուրքիայի նախագահը, այսօր անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, ընդգծել է, որ եռանախագահող երկրները 30 տարի է` չեն լուծել ղարաբաղյան հարցը: Խոսելով հնչող քննադատություններին մասին, թե թուրքական զինուժը աջակցում է Ադրբեջանին, Էրդողանը հիշատակել է Սիրիայի հյուսիսային շրջաններ զենք ու զինամթերք մատակարարող ուժերին, նշելով, թե նրանք հաշիվ պահանջելու իրավունք չունեն: «Արդեն եկել է պատասխան տալու ժամանակը, Ադրբեջանը ստիպված է իր ուժերով կերտել սեփական ճակատագիրը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

XS
SM
MD
LG