Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները երեկ Բրյուսելում չկարողացան համաձայնեցնել Բելառուսի ղեկավարների նկատմամբ նոր պատժամիջոցները, չնայած այն հանգամանքին, որ Բելառուսի ընդդիմության լիդեր Սվետլանա Տիխանովսկայան կոչ էր անում նրանց հաղթահարել առկա տարաձայնությունները և օգնել ընտրություններից հետո արդարության համար պայքարող ժողովրդին:
Առարկությունները բնավ կապ չունեն բուն Բելառուսի հետ, Եվրոպական միությունը կողմ է Բելառուսում նոր՝ արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գաղափարին, դատապարտում է ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում` նույնիսկ տարեց կանանց նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը:
Եվրամիությունը ցանկանում է միասնական որոշմամբ պատժել պաշտոնական Մինսկի ներկայացուցիչներին, և չնայած դրան երեկ ոչ մի որոշում չկայացվեց, սակայն առարկությունները կապված են ոչ այնքան Արևելյան Եվրոպայի, որքան Միջերկրականի հրատապ խնդիրների հետ:
Կիպրոսը պահանջում է Բելառուսի պատժամիջոցների ցանկը հաստատելու հետ մեկտեղ պատժիչ միջոցներ սահմանել նաև Միջերկրականում գազի արդյունահանման նպատակով ապօրինի ակտիվություն ծավալած Թուրքիայի դեմ:
«Արձագանքը մեր բոլորիս էությունը, հիմնարար արժեքներն ու սկզբունքները ոտնահարելուն պետք է ունիվերսալ լինի, այն չպետք է դրսևորվի առանձին կարգով»,- ասել է Կիպրոսի արտաքին գերատեսչության ղեկավար Նիկոս Կրիստոդուլիդեսը:
Ժողովի նախօրեին Սվետլանա Տիխանովսկայան, ով, իհարկե, գիտեր Կիպրոսի դիրքորոշման մասին, նախարարներին հորդորել է սատարել բելառուսական դեմոկրատիային: «Կարծում եմ` Եվրամիության լիդերներն ունեն պատճառներ, որոնք կարող են խոչընդոտել պատժամիջոցների հաստատումը, սակայն ես նրանց հետ հանդիպման ժամանակ խնդրեցի առավել խիզախ գործել»,- ասել է Տիխանովսկայան:
Ժողովի արդյունքներն ամփոփել է Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը: «Նախարարները քննարկել են բելառուսական պատժամիջոցների հարցը, ու թեպետ առկա է դրանք սահմանելու կարևորության հստակ ըմբռնում, որոշում չի կայացվել, քանի որ չկա դրա համար անհրաժեշտ կոնսենսուս»,- ասել է նա:
Փակուղային վիճակը, որն առաջացրել է Եվրամիության ամենապստիկ պետություններից մեկի ներկայացրած առարկությունը, վերլուծաբանների համոզմամբ, վերստին ապացուցում է միասնական վճիռներ կայացնելու մեխանիզմի խոցելիությունը:
Փաստորեն, մեկ երկիր կարող է արգելափակել բոլոր մնացած անդամների հավանությանն արժանացած մի առաջարկ և կաթվածահար անել ամբողջ համակարգը:
Որոշումը, որը նախօրեին չկարողացան համաձայնեցնել արտգործնախարարները, հիմա պետք է փորձեն ընդունել պետությունների բարձրաստիճան ղեկավարները, սեպտեմբերի 24-ից 25-ը նախատեսված է Եվրամիության գագաթնաժողովը: