Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնում է Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակին, վարակակրի մոտ թեստի բացասական արդյունքին: Գայանե Սահակյանը արձանագրեց` մարդիկ սկսել են քիչ կրել դիմակներ, վիրուսի տարածման աճ է գրանցվում:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
Ինչո՞ւ է հավանական վարակակրի մոտ թեստի բացասական արդյունքը
Օգտատերերից մեկը հարցրել էր, թե թեստերը սխալ են, փաստացի վարակված, այդ պահին բուժում ստացող մարդու թեստը բացասական է եղել, որքանո՞վ է հավանական սա: «Իրականում դա հավանական է, կախված է մի շարք գործոններից` կապված է նրանից, թե ինչ ժամանակամիջոցում է թեստավորվում, հիմնականում քիթըմպանում է եղել, դրանից հետո կարող է խորը հատվածներ անցնել, այդ դեպքում երբ նմուշառում է կատարվում, կարող է նրա մոտ վերցված քսուկում չհայտնաբերվի: Եթե ախտանշանները կան, միանշանակ կարող ենք ասել, որ տվյալ անձը բացասական է եղել տվյալ պահին, իսկ երբ վիրուսի ծանրաբեռնվածությունը մեծանում է, կարող ենք ասել, որ կհայտնաբերվի», - նշեց Գայանե Սահակյանը:
Հայաստանը կարմիր գոտում է, վիրուսի աճը մեծանում է
«Ցավոք, մինչև այստեղ գալը տեսա խցանված տրանսպորտ, մարդիկ կամ դիմակը չէին դրել, կամ ոչ պատշաճ` իջեցրած ծնոտից ներքև: Մարդկանց մոտ մի փոքր հանգստություն է առաջացրել թվերի իջեցումը, այսօր ցավոք ունենք որոշակի բարձրացում», - արձանագրեց ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալը` հավելելով, որ ԱՀԿ-ի հայաստանյան էջում տեսնում ենք, որ վիրուսի վերարտադրման գործակիցը արդեն 1.1 է, իսկ նախորդ շաբաթ 1.06 է եղել, ինչը համաճարակային իրավիճակի համար մեծ նշանակություն ունի: Ամենօրյա հոսպիտալացված ու դուրս գրված հիվանդների թիվը համեմատելով` նա նկատել է, որ օգոստոսի 20-28-ը այն հարաբերական ժամանակահատվածն է, երբ զգալի տարբերություն այդ թվում չի եղել, բայց հետո արդեն այդ տարբերությունը մեծացել է ի շահ հոսպիտալացվածների. - «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դանդաղ տեմպերով նորից երկրում վիրուսի տարածման աճ է գրանցվում: Մենք նախորդ 14 օրվա համեմատությամբ ունենք 33 տոկոս աճ, և երկիրը կարմիր գոտում է գտնվում` ըստ ԱՀԿ ստանդարտների»:
Մեկուսացումը երբեմն ձևական է դառնում
Օգտատերերից մեկն էլ հարցրել էր, թե չե՞ն պատրաստվում վերանայել խնդիրների ցանկը, որոնց դեպքում կթույլատրվի մաքուր օդում դիմակ չկրել, ինչին ի պատասխան բանախոսը հիշեցրեց, որ ընդհանուր հիվանդությունների ցանկը գիտական հետազոտությունների վրա է հիմնված, իրենք չեն հնարել:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք մեկուսացման գործընթացը ձևական չի՞ դարձել, քանի որ հաճախ վարակակիրն ինքը մեկուսանում է տանը, սակայն նրա ընտանիքի անդամները ներսուդուրս են անում, Գայանե Սահակյանն ասաց` ինքն էլ է առնչվել նման դեպքերի հետ: «Անձը իրոք եթե ինքնամեկուսացնում ենք նրան, կամ մեկուսանում է տանը, այսինքն` բուժումը շարունակում են տնային պայմաններում, ցավալի է դա, որովհետև հենց անախտանիշ վարակակիրներն են դառնում վիրուսի հիմնական տարածման պատճառ, յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ եթե ինքը չի պահպանում հակահամաճարակային կանոնները, ռիսկի է ենթարկում մեկ այլ անձի, ում համար դա կարող է ճակատագրական լինել: Բնակիչներն իրենք պետք է հասկանան, որ այս համավարակի դեմ պայքարում ամեն մեկս պետք է մեր ներդրումն ունենանք», - նկատեց նա:
Իսկ ո՞վ պիտի կերակրի այդ ընտանիքներին, պետությունը հնարավորություն ունի՞ բոլոր մեկուսացածներին ապահովել սննդով, ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալը նշեց, որ նախկինում պարետատունը ունի սոցիալական աջակցության հեռախոսահամարներ, հիմա այդ կենտրոնները գործում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքո, նման դեպքերում հենց այդտեղ պետք է զանգահարել. - «Ամեն դեպքում ճիշտը տնից դուրս չգալն է և շրջապատին ռիսկի չենթարկելը»:
Երեխաները ևս վարակվում են. վիճակագրություն
«Երեխաները վիրուսի տարածմանը մասնակցում են, նրանք կարող են վարակվել, կա արդեն արձանագրված վիճակագրություն, և երեխաները վիրուսը կարող են տանել տուն, իրենց հարազատներին վարակել: Ունենք վիճակագրություն` 0-5 տարեկան վարակված երեխաների տոկոսը կազմել է ընդհանուր վարակվածների մոտ 2 տոկոսը, 5-10 տարեկանները` 1.4 տոկոս, 10-15 տարեկանները` 1.4 տոկոս: Այսինքն, եթե վերցնենք այս բոլոր՝ մինչև 15 տարեկանների մեջ հենց վարակվածության տոկոսը՝ մոտ 5 տոկոս, 5 տոկոսը փոքր չէ, դա էլ ախտանշաններով հոսպիտալացված երեխաների մասին է խոսքը փաստորեն, իսկ անախտանշանները շատ կլինի: Իսկապես երեխաներն ավելի թեթև են տանում, սուր շնչառական վիրուսային հիվանդության նման, հիմնականում անախտանիշ», - ասաց Գայանե Սահակյանը:
Ինչ վերաբերում է անհանգստությանը, թե այս պայմաններում ծնողները պատվաստումների չեն տանում իրենց երեխաներին, բանախոսը հայտնեց. - «Մենք դեռ մարտ ամսին, երբ որ սկսվեց պատվաստումների ցուցանիշը նվազել, հարցում կատարեցինք, և շատ ծնողներ պարզաբանեցին, որ վախենում են գնալ պոլիկլինիկա Covid-ի պայմաններում, որ իրենց երեխաները չվարակվեն, և իրենք չվարակվեն»: Նա հավելեց` ձեռնարկվել են միջոցառումներ, պոլիկլինիկաների 2 մուտքերից մեկը տրամադրվում է հենց պատվաստման համար ժամանած այցելուներին, պահպանվում է սոցիալական հեռավորություն, բացի այդ, խրախուսվում է, որ միայն մեկ հոգի երեխային բերի պատվաստման, ոչ թե ամբողջ ընտանիքով. - «Վախենալու որևէ հիմք չկա, հորդորում եմ, որ ծնողները դիմեն պոլիկլինիկաներ, քանի որ ոչ ոք չի ուզենա, որ որևէ այլ հիվանդության բռնկում լինի»:
Միաժամանակ նա հերքեց, թե Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ դպրոցների բացմամբ է պայմանավորված թվերի աճը, նշեց` մտավախություն ունեն, որ առաջիկայում փակ տարածքներում կարող են կուտակումներ առաջանալ, ու դա կարող է ընդհանուր դեպքերի թվի աճին նպաստել:
«Ապացուցված է դիմակների կիրառման անվտանգությունը»
Հարցին՝ որքանո՞վ են իրական պնդումները, որ դիմակ դնելը թոքերի սունկ է առաջացնում, և ինչպե՞ս կբացատրի դիմակ կրելուն դեմ արտահայտվող բժիշկների դիրքորոշումը, շարքային քաղաքացիներն ո՞ւմ հավատան, Գայանե Սահակյանն արձագանքեց. - «Ապացուցված է դիմակների կիրառման անվտանգությունը, ինչ առումով. բազմաթիվ հետազոտություններ են արվել, և հիմնականում սատուրացիայի՝ թթվածնի հագեցվածության հետ կապված, և բացի դրանից՝ արտադրությունը դիմակների այնպես է կատարվում, որ թողնում է, նա շնչելու հետ կապված խնդիրներ չի առաջացնում: Եվ վերջապես հիշենք հենց թեկուզ մեր բժիշկներին՝ բժիշկները մինչև կորոնավիրուսային հիվանդության այս համավարակի առաջացումը, վիրաբույժները մշտական, այն էլ՝ այն վիրաբույժները, որոնք օրեր, ժամեր շարունակ անընդհատ վիրահատարանում և մշտապես դիմակով են եղել, սա նշանակում է, որ բոլորի մոտ սնկային ինչ-որ թոքաբորբե՞ր են զարգացել: Իհարկե այդպիսի բան չկա, և հենց թեկուզ գիտականից այն կողմ, փորձենք տրամաբանորեն, հերքվում են այդպիսի պնդումները»:
Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.