Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է՝ մեծ հավանականություն կա, որ ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվերով:
Փոմփեոն երեկ տված ռադիոհարցազրույցում ասել է, որ ամբողջ աշխարհում մարդիկ երբ տեսնում են այլախոհին թունավորելու փորձ, գիտակցում են՝ կա զգալի հավանականություն, որ դա իսկապես Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մտահղացումն է: «Կարծում եմ, որ դա լավ չէ ռուս ժողովրդի համար», - ընդգծել է պետքարտուղարը:
Նավալնիի թիմը, նրա հարազատները ևս կարծում են, որ թունավորման հետևում Ռուսաստանի իշխանություններն են: Կրեմլը կտրականապես հերքում է մեղադրանքները:
44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին Օմսկում, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, թե անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որոնց համաձայն՝ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով: