Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակի ԱԳ նախարարները Մոսկվայից պահանջում են պատժել Նավալնիի թունավորման պատասխանատուներին


Մեծ յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավարը վճռականորեն դատապարտում են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի «ապացուցված թունավորումը» «Նովիչոկ» խմբի նյութով: Նրանք այսօր Ռուսաստանին կոչ են արել շտապ, թափանցիկ և լիարժեք հետաքննություն անցկացնել ու բացահայտել՝ «այդ զզվելի թունավորման» պատասխանատուներին։

Ընդդիմադիր առաջնորդի առողջական վիճակի մասին թարմ տվյալներ այսօր չկան։ Երկու օր առաջ Բեռլինի «Շարիթե» կլինիկայի բժիշկները հայտարարել էին, որ Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից, որ ռուսաստանյան ընդդիմության առաջնորդն արդեն ինքնուրույն շնչում է և արձագանքում է ձայներին: Սակայն նաև շեշտել էին, որ Նավալնիի թունավորման երկարաժամկետ հետևանքները դեռ վաղ է գնահատել:

Վերլուծաբանները չեն կասկածում, որ Կրեմլի կոշտ քննադատի թունավորման քաղաքական հետևանքները կարող են էլ ավելի խորացնել Ռուսաստանի մեկուսացումը։ Այսօր, օրինակ, Մեծ յոթնյակի արտգործնախարարները Մոսկվային հիշեցրել են քիմիական զենքի արգելման կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասին և զգուշացրել, որ ուշադիր հետևելու են, թե ինչպես է Ռուսաստանն արձագանքելու Նավալնիի թունավորումը բացատրելու միջազգային կոչերին։ Եվրամիությունը նախօրեին նաև հայտարարել էր, որ Նավալնիի թունավորմանը միասնական արձագանք է լինելու: Եվրոպայում Ռուսաստանի թիվ մեկ առևտրային գործընկեր Գերմանիան արդեն չի բացառել, որ ընդդիմադիր գործչի հետ կատարվածը կարող է ճակատագրական լինել «Հյուսիսային հոսք-2» ծրագրի համար, իսկ երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Փարիզը հետաձգել է սեպտեմբերի 14-ին նախատեսված Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

Ավելի վաղ Գերմանիայի իշխանություններն էին հայտարարել, որ Ռուսաստանի նկատմամբ Գերմանիայի և Եվրամիության հետագա գործողությունները կախված կլինեն Նավալնիի թունավորման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքից։ Մոսկվան, սակայն, իր դիրքորոշումը չի փոխել, Մեծ յոթնյակի հայտարարությունը Ռուսաստանի արտգործնախարարությունը դեմարշ է անվանել։ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ նաև նշված է. «Այդ գործի շուրջ հիստերիայի խորացումը միայն աճում է»: Պաշտոնական Մոսկվան հերթական անգամ շեշտել է, որ Գերմանիան ռուսական կողմին Նավալնիի վիճակի մասին տեղեկատվություն չի տրամադրել, ինչը «թույլ չի տալիս Ռուսաստանի իրավապահ մարմիններին գործի դնել բոլոր անհրաժեշտ դատավարական մեխանիզմները կատարվածի հանգամանքները պարզելու համար»: Ավելին՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը Մեծ յոթնյակի տարածած հայտարարությունում Նավալնիի շուրջ «զանգվածային ապատեղեկատվական արշավ» է տեսնում։ Պաշտոնական Մոսկվայի պատասխան հայտարարությունում նաև նշված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տրամադրությունների մոբիլիզացիայի մասին, ինչը վկայում է, որ Մոսկվան անխուսափելի է համարում նոր պատժամիջոցների սահմանումը, թեև ավելի վաղ հայտարարում էր, թե դրանց համար առիթ չկա։

Հիշեցնենք` Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Նավալնիի մեզի, արյան մեջ և մաշկի վրա հայտնաբերել են արգելված «Նովիչոկ» տիպի նյարդապարալիտիկ նյութի հետքերը: Ռուսաստանում ընդդիմադիր գործչի թունավորումը ապացուցված չեն համարում և թունավորման վերաբերյալ քրեական գործ մինչ օրս չեն հարուցել։ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունըկտրուկ վատացել էր Օմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, որն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին Օմսկի շտապ օգնության վերակենդանացման բաժանմունք: Օգոստոսի 22-ին նրա ընտանիքի պահանջով ընդդիմադիր գործչին տեղափոխել են Բեռլինի «Շարիթե» հիվանդանոց:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG