Ռուսաստանում ամփոփում են սեպտեմբերի 11-13-ը կայացած տեղական ընտրությունների արդյունքները։
Պաշտոնական տվյալների համաձայն` կիրակնօրյա ընտրություններում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը զգալի հաջողությունների է հասել։ Երկրի 18 մարզերում և երկրամասերում գործող նահանգապետերին հաջողվել է վերընտրվել առաջին իսկ փուլում։ «Եդինայա Ռոսիա»-ն մեծամասնություն է ստացել նաև 11 մարզերում ընտրված տեղական խորհրդարաններում։
Ընտրական այս փուլում ևս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները կյանքի են կոչել «Խելացի քվեարկության» մարտավարությունը՝ կոչ անելով ընտրողներին քվեարկել իշխող կուսակցությունը չներկայացնող և հաղթելու քիչ թե շատ լուրջ շանսեր ունեցող ցանկացած թեկնածուի օգտին։ Այս մարտավարությունը որոշակի հաջողություններ է արձանագրել Սիբիրում։ Ալեքսեյ Նավալնիի Տոմսկի և Նովոսիբիրսկի տեղական շտաբների ղեկավարներն ընտրվել են քաղաքային խորհուրդների կազմում։