Ազգային ժողովն այսօր Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարում: Օրակարգում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններն են և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Օրենսդրական փաթեթը, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, հնարավորություն կտա չերկարաձգել արդեն մոտ 7 ամիս Հայաստանում ձգվող արտակարգ դրությունը և շարունակել իրականացնել կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային միջոցառումներ։
Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես, անհրաժեշտության դեպքում կարանտին մտցնել ու սահմանափակումներ կիրառել։ Կարանտին սահմանելու դեպքում հնարավոր կլինի արգելել կամ սահմանափակել հավաքներն ու այլ միջոցառումները, կրթական հաստատությունների գործունեությունը։ Օրենքներով նախատեսված այլ հակահամաճարակային միջոցառումներ նույնպես կարող են կիրառվել։
Նիստի սկզբում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Մանե Թանդիլյանի մանդատը տրամադրվել է խորհրդարանական վերջին ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեկ այլ թեկնածու Ստեփան Ստեփանյանին, և վերջինիս հրավիրեց ամբիոն՝ երդվելու: Այդպիսով Ստեփանյանը ստանձնեց պատգամավորի լիազորությունները: