Ազգային ժողովը վաղը կքննարկի կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը հնարավորություն կտա և չերկարաձգել արդեն մոտ 7 ամիս Հայաստանում ձգվող արտակարգ դրությունը, և շարունակել իրականացնել կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային միջոցառումներ։
Կառավարությունն առաջարկում է անհրաժեշտության դեպքում կարանտին մտցնել ու սահմանափակումներ կիրառել։ Եթե խորհրդարանն ընդունի կառավարության առաջարկած փաթեթը, ապա կարանտին սահմանելու դեպքում հնարավոր կլինի արգելել կամ սահմանափակել հավաքներն ու այլ միջոցառումները, կրթական հաստատությունների գործունեությունը։ Օրենքներով նախատեսված այլ հակահամաճարակային միջոցառումներ նույնպես կարող են կիրառվել։
ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ կառավարությունն այս առաջարկները ներկայացնելիս հեծանիվ չի հորինել: Ըստ նրա` այսպիսի կարգավորումներ կան գրեթե բոլոր երկրներում. - «Եվրոպայի խորհրդի խորհրարանական վեհաժողովը, Նախարարների կոմիտեն և ընդհանրապես միջազգային այլ գործընկերներից շատերը ըստ էության կոչ էին արել ժամանակին, որպեսզի արտակարգ դրության ռեժիմից անցում կատարվի ավելի մեղմ ռեժիմին պայմանով, որ սանիտարական, էպիդեմիական իրավիճակը նման անցում թույլատրում է: Հիմա կարծես թե մեզ մոտ մոտ նկատվում է դեպքերի նվազում: Ես հուսամ, որ այս նվազումը կշարունակվի, և մենք երկրորդ ալիքի հետ չենք բախվի»:
Վարդանյանի խոսքով՝ կարանտինային միջոցառումները հաստատվելու են ժամկետներով և դրանց ավարտից հետո կարող են երկարացվել, սակայն դրա համար անհրաժեշտ է լինելու համապատասխան մարմնի համաձայնությունը։ Իշխանական պատգամավորն ասում է՝ կառավարության ներկայացրած նախագիծը մինիմալ սահմանափակումներ է նախատեսում. - «Ընդ որում այդ սահմանափակումները և համաչափ են, և օրենսդրական համապատասխան հիմք ունեն, և բխում են Սահմանադրությունից»:
Սահմանված միջոցառումները կկիրառվեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքների՝ հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, դրանց հետևանքները վերացնելու նպատակներով։ Սահմանափակումները պետք է համաչափ լինեն այդ նպատակներին: Անձանց ազատ տեղաշարժը նույնպես կարող է սահմանափակվել, պետական սահմանները հնարավոր կլինի փակել։ Մեկուսացման ու ինքնամեկուսացման պահանջը կշարունակի գործել։
«Ազատության» այն հարցին, թե նախագծով նախատեսված սահմանափակումներով մարդու իրավունքները չե՞ն խախտվի, Վարդանյանն արձագանքեց՝ մարդու իրավունքների ցանկացած սահմանափակում ինքնանպատակ չպետք է լինի. - «Այն պետք է հետապնդի իրավաչափ նպատակ: Տվյալ պարագայում բոլորս ընդունում ենք, որ իրավաչափ նպատակն առկա է` հանրության առողջության պաշտխանությունը: Այն պետք է լինի օրենքով նախատեսված, օրենքով նախագծվում են այդ սահմանափակումները, այն պետք է լինի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, կարխես թե սա էլ ոչ ոք չի վիճարկում, և ոչ ոք կարծես թե չի վիճարկում դրանց համաչափությունը»:
Առաջարկվող փոփոխություններով կարանտին կսահմանվի մինչև 6 ամիս ժամկետով, եթե այդ ընթացքում համաճարակային վիճակը չբարելավվի, կարանտին սահմանելու հիմքերը չվերանան, այն կարող է երկարաձգվել կրկին մինչև 6 ամսով։ Կարանտինային պայմաններում լիցենզիա ունեցող բոլոր բժշկական կազմակերպությունները կհիմնվեն լիազոր մարմնի՝ Առողջապահության նախարարության հրամանների վրա։ Սպասվող փոփոխությունից հետո էլ ոստիկանությունն ու տեսչական մարմինները կշարունակեն հետևել քաղաքացիների և տնտեսվարողների կողմից կանոնների պահպանմանը։ Քաղաքացիները սահմանված կանոններին չհետևելու համար կրկին կտուգանվեն, այս առումով ոչինչ չի փոխվում։
Արտակարգ դրության վերացումն է պատճառը, թե այլ հանգամանք, վերջին շրջանում Երևանում հակահամաճարակային կանոններին շատերը չեն հետևում, փողոցում շատերը արդեն դիմակ չեն կրում: Իսկ թե ինչո՞ւ, քաղաքացիները շատ տարբեր պատճառաբանություններ են բերում. - «Դիմակ դնելու իմաստը եթե ինձ ինչ-որ մեկը բացատրի, ես դիմակ կդնեմ»:
«Ճիշտն ասած` ես վայրկյանը մեկ իջեցնում եմ, հետո դնում եմ, որովհետև քիթս նոր է վիրահատած, այդ պատճառով», - ասում է մեկ այլ քաղաքացի: