Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Փաստաբանները միջնորդել էին նաև Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով, ինչը ևս մերժվեց։
Հիշեցնենք, պաշտպան Երեմ Սարգսյանը նշել էր, որ մեղադրանքում նշված գումարի չափով պատրաստ են վճարում կատարել, իսկ դա մի քանի միլիարդ դրամ է։
ՊեԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորված է օգոստոսի 30-ից։ Նախկին ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով՝ նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում: