Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 23,7 միլիոնին, մահացել է շուրջ 813 հազար, բուժվել՝ 15,3 միլիոն մարդ


Իսպանիա - Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի Սոմորոստրո լողափը, 30-ը հուլիսի, 2020թ.
Իսպանիա - Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի Սոմորոստրո լողափը, 30-ը հուլիսի, 2020թ.

Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում մոտենում է 23,7 միլիոնին, հիվանդությունից մահացել է ավելի քան 813 հազար մարդ, ապաքինվել է շուրջ 15,3 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսպանիայում Կատալոնիայի կառավարությունը խստացնում է սահմանափակումները: Արգելվում է հավաքվել ավելի քան 10-հոգանոց խմբերով: Իշխանությունները խոստացել են դպրոցներում և ինստիտուտներում թեստեր անցկացնել: Երկուշաբթի օրն այնտեղ COVID-19-ի 1776 դեպք է գրանցվել: «Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկիրը կարողանա աշխատել, և ուսումնական հաստատությունները վերաբացվեն», - ասել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորան:

Մինչդեռ Հոնկոնգում ասում են, որ բժիշկները կարողացել են նույնականացնել առաջին COVID-19-ով հիվանդին, որը լիովին բուժվելուց հետո կրկին վարակվել է կորոնավիրուսով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկնաբանել է տեղեկատվությունը՝ ասելով, որ պետք չէ հապճեպ եզրակացություն անել, նույնիսկ եթե առկա է կրկնակի վարակման փաստված դեպքը: «Այլ կորոնավիրուսների հետ փորձից մենք գիտենք, որ մարդու մոտ հակամարմինները (իմունային պատասխանը) որոշ ժամանակ պահպանվում են: Բայց այն կարող է նաև թուլանալ» - ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա Վան Կերխովեն:

Ամբողջ աշխարհում սպասում են հուսալի պատվաստանյութի COVID-19-ի դեմ: Իտալիայում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտում ստեղծված պատվաստանյութը սկսել են փորձարկել կամավորների վրա: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, գարնանը դեղամիջոցը զանգվածային արտադրության կդրվի:

Երեկ Մեքսիկայում մեկնարկել է պետական դպրոցների 30 միլիոն աշակերտներին հեռուստատեսության միջոցով դասավանդելու փորձնական ծրագիրը:

Միացյալ Նահանգներում, մինչդեռ, շատ դպրոցների առցանց դասընթացներն առաջին օրն ընդհատվել են Zoom համակարգում ծագած խնդիրների պատճառով: Zoom-ը գործնական հանդիպումների, առցանց ուսուցման և համաճարակի ընթացքում սոցիալական հավաքույթների համար ամենատարածված տեսակապի միջոցն է: Խնդիր է ծագել, երբ Միացյալ Նահանգների միլիոնավոր ուսանողներ միաժամանակ սկսել են հեռավար ուսուցումը: Կապը մոտ 2,5 ժամով անջատվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG