Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն մտադիր չէ երկխոսել կամ բանակցել ընդդիմության համակարգող խորհրդի հետ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա հեռացումը պահանջող ցուցարարները, կոլաժ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա հեռացումը պահանջող ցուցարարները, կոլաժ

Բելառուսի անփոփոխ առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում դեմ համազգային ցույցերը երկրորդ շաբաթն է՝ չեն դադարում, այսօր վերստին պնդել է՝ ընդդիմության հետ երկխոսելու կամ բանակցելու մտադրություն չունի։

«Կուզեք՝ քննադատեք, կուզեք՝ ոչ, բայց քանի դեռ ես եմ նախագահը, կոշտ քաղաքականություն եմ բանեցնելու՝ ներքաղաքական իրավիճակը կայունացնելու համար», - հայտարարել է նա և մեղադրել Արևմուտքին Բելառուսում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Բռնապետական կառավարմամբ հայտնի առաջնորդը, սակայն, չի հստակեցրել՝ ինչ հանգամանքներում են սպանվել իր դեմ բողոքող առնվազն երեք ցուցարարները։

Ընդդիմության համակարգող խորհուրդը, արձագանքելով Լուկաշենկոյին, հայտարարել է՝ պայքարից չի հրաժարվելու։ «Մենք մեր առջև երկխոսության նպատակ չէինք էլ դրել, մեր խնդիրն է՝ հասնել արդար ընտրությունների և ազատ արձակել քաղբանտարկյալներին», - ասել է խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Ռոդնենկովը, հիշեցնելով՝ Եվրոպական միությունը վերջին ընտրությունների արդյունքը չի ճանաչել։

«Լուկաշենկոյի լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 5-ին։ Եվրամիությունը նրա հաղթանակը չի ընդունել, և նոյեմբերի 5-ից հետո այս խնդիրն առավել սուր է լինելու», - հայտարարել է ընդդիմության համակարգող խորհուրդը։

Բրյուսելը նաև նշել էր, որ պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի վարչակազմի այն պաշտոնյաների դեմ, որոնք կեղծել են քվեարկությունը և բռնաճնշումներ իրականացրել խաղաղ ցուցարարների նկատմամբ։

XS
SM
MD
LG