Մատչելիության հղումներ

Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, թե դրսից կա ակնհայտ միջամտություն Բելառուսի ներքին զարգացումներին


Իրավիճակը Բելառուսի շուրջ փոխվել է. եթե նախկինում երկրում ընթացող հետընտրական զարգացումների մասին հայտարարություններ էին անում միայն եվրոպական երկրների առաջնորդները, այսօր գործընթացին միացել է պաշտոնական Մոսկվան: Սակայն եթե արևմտյան հայտարարություններն ի աջակցություն բելառուս ժողովրդի և իրենց իրավունքների համար պայքարող խաղաղ ցուցարարների են, Ռուսաստանից հնչող հայտարարությունները ի պաշտպանություն գործող իշխանությունների են:

Ավելին, պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, թե կա ակնհայտ միջամտություն դրսից Բելառուսի ներքին զարգացումներին, և դա անթույլատրելի է:

Բելառուսում ընթացող զարգացումներին առաջին անգամ անդրադարձել են և՛ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, և՛ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Պեսկովն ասել է, թե Բելառուսի տարածում ռուսական ռազմական ստորաբաժանումներ չկան: Ավելի վաղ մի շարք աղբյուրներ գրել էին, որ ռուսական ստորաբաժանումները շարժվում են դեպի Բելառուսի սահման, նույնիսկ տեսագրություններ կան: Պուտինի մամուլի քարտուղարը այս տեղեկությունը հրաժարվել է մեկնաբանել, ասելով, թե այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա, քանի որ խոսքը Ռուսաստանի տարածքի մասին է: Միևնույն ժամանակ Դմիտրի Պեսկովը հավելել է, թե ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի օգնության կարիքը Բելառուսը չունի:

Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միութենական պետության, այնտեղ իսկապես նախատեսված է փոխօգնության պարտավորություն, սակայն բելառուսական ղեկավարությունն ինքն է ընդունել, որ նման պահանջ չկա:

Պուտինի մամուլի քարտուղարը հավելել էր նաև. «Տեղի են ունենում դրսից միջամտության փորձեր, և Մոսկվան այդ փորձն անթույլատրելի է համարում»:

Ավելի կոշտ էր արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն, ով այսօր մանրամասն է անդրադարձել Բելառուսում ընթացող զարգացումներին՝ դրանք համեմատելով ուկրաինական իրադարձությունների հետ: Նախ Լավրովը խոստովանել է, որ նախագահական ընտրությունները Բելառում իդեալական չէին:

«Նախագահական ընտրությունները Բելառուսում իդեալական չէին, սակայն Ռուսաստանն անհանգստացած է Բելառուսի ներքին գործերին Արևմուտքի միջամտության փորձից», - ասել է ՌԴ արտգործնախարարը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ սա պարզապես հետխորհրդային տարածքի համար պայքար է և բելառուսական իրադարձությունները նմանեցրել է ուկրաինական իրադարձությունների հետ:

Մոսկվան, որոշ հեղինակավոր աղբյուրների պնդմամբ, ունեցել է իր թեկնածուն Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններին: Խոսքը «Գազպրոմի» նախկին թոփ-մենեջեր Վիկտոր Բաբարիկոյի մասին է, ով համարվում է Լուկաշենկոյի ամենալուրջ մրցակիցը: Նա ընտրություններից առաջ ձերբակալվել էր և ԿԸՀ-ն չէր գրանցել նրան որպես թեկնածու: Ռուսաստանը որևէ հայտարարություն այս թեմայով չէր արել, իսկ Բաբարիոյի կինը և թիմը միացել են Սվետլանա Տիխանովսկայայի շտաբին:

Բելառուսում արդեն 11-րդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլը: Երկրում, ըստ էության, երկիշխանություն է ձևավորվել:

Նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան անգլերեն լեզվով Լիտվայից այսօր առավոտյան տեսաուղերձ է ձայնագրել, որով կոչ է անում Եվրամիության առաջնորդներին չճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ:

«Ես կոչ եմ անում չճանաչել այս կեղծված ընտրությունները։ Պարոն Լուկաշենկոն կորցրել է լեգիտիմությունը մեր ժողովրդի ու աշխարհի առաջ։ Իշխանության խաղաղ փոխանցման գործընթաց ապահովելու նպատակով իմ նախաձեռնությամբ ստեղծվել է Ազգային համակարգման խորհուրդ, որն առաջնորդելու է իշխանության խաղաղ փոխանցումը երկխոսության միջոցով։ Այն անհապաղ կոչ է անում նոր և արդար նախագահական ընտրություններ անցկացնել միջազգային վերահսկողության ներքո։

Եվրոպայի հարգարժան առաջնորդներ, ես ձեզ կոչ եմ անում աջակցել Բելառուսի զարթոնքին։ Բոլոր երկրներին կոչ եմ անում հարգել միջազգային օրենքի սկզբունքները, հարգել Բելառուսի ինքնիշխանությունն ու Բելառուս ժողովրդի ընտրությունը», - այսօր առավոտյան հրապարակված տեսաուղերձում հայտարարում է Տիխանովսկայան:

Ինքը Լուկաշենկոն այսօր Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացրել և հայտարարել. - «Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այստեղ իշխանությունը թույլ է, սխալվում է: Իշխանությունը աջակիցներ ունի, ում վրա կարող է հենվել: Մենք մեր ճանապարհը կանցնենք այնպես, ինչպես պետք է»:

«Նրանք, ովքեր այսօր, հատկապես արտասահմանում, թրերն են սրում, լուրջ հակահարված կստանան: Արդեն Գրոդնոյում լեհական դրոշներն են փակցնում՝ դա անթույլատրելի է, նման բաները արմատապես կկանխվեն», - հավելել է Բելառուսի նախագահը:

Բելառուսական ընդդիմությունը, հիշեցնենք, ստեղծել է Ազգային համակարգման խորհուրդ: Լուկաշենկոն այսօր հերթական անգամ հայտարարել է, թե այդ խորհուրդը լեգիտիմ չէ, և սպառնացել է ցրել այն: Նրա խոսքով՝ զուգահեռ մարմինների ստեղծումը պատժվում է օրենքով:

Բելառուսի գործող նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, թե երկրում բողոքի ակցիաները ֆինանսավորվում են արտասահմանից, և ասել է, որ չի ընդունում Բելառուսի իրադրության շուրջ բանակցությունների վերաբերյալ Արևմուտքի առաջարկները:

Երեկ Լուկաշենկոն հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլը հայտարարում է, որ արտասահմանյան միջամտությունը բելառուսական ներքին գործերին անընդունելի է:

Գրեթե նույն հայտարարությունն է այսօր արել նաև Չինաստանի արտգործնախարարությունը:

Իսկ երեկ երեկոյան տեղեկություն էր տարածվել, որ Բելառուս է ժամանել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին սպասարկող օդանավը:

XS
SM
MD
LG