Արդեն մոտ տասն օր է՝ Բելառուսում շարունակվում են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ակցիաները:
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ևս մեկ ցուցարարի մահվան մասին, ըստ անվտանգության ուժերի՝ նա մահացել է սովորական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: 19-ամյա Արտյոմ Պարուկովը, ըստ պաշտոնական վարկածի, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված, որտեղ նրան հարվածել է Renault ավտոմեքենան: Նրա ծնողները չեն հավատում այս պատմությանը և համոզված են, որ երիտասարդը հայտնվել էր այդտեղ ինչ-որ մեկից փախչելիս:
Հայտնի է առնվազն ևս երկու ցուցարարի մահվան մասին:
Բելառուսցիները, չնայած անվտանգության ուժերի բռնություններին, շարունակում են բողոքի խաղաղ ցույցերը, որոնց ընթացքում կարողանում են ինքնակազմակերպվել՝ տուժածներին օգնելու, աղբը հավաքելու, երթևեկությունը կազմակերպելու գործերում:
Երեկ նույնպես ընդիմության բազմահազարանոց ցույցերը շարունակվել են: Մինսկի կենտրոնում Անկախության հրապարակ է դուրս եկել մոտ 10 հազար մարդ: Նրանք երեկոյան հավաքվել են կառավարության շենքի մոտ:
Բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Գրոդնոյում, Բրեստում և երկրի այլ քաղաքներում:
Երեկ միաժամանակ իշխանությանն աջակցող ցույցեր են անցկացվել Գոմելում և Մոգիլյովում:
Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է ընդդիմությանը իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ:
Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ երկիրն արդեն շուրջ քառորդ դար ղեկավարող Լուկաշենկոն վերընտրվել է քվեների ավելի քան 80 տոկոսով: