Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձով դիմել է Եվրոպայի առաջնորդներին։
«Եվրոպայի հարգարժան առաջնորդներ։ Երկրորդ շաբաթն է՝ իմ երկիրը խաղաղ պայքարում է սահմանադրական իր իրավունքի՝ իր ընտրական իրավունքի համար։ Օգոստոսի 9-ի ընտրությունները ո՛չ արդար էին, ո՛չ թափանցիկ, արդյունքները կեղծված են։ Ամբողջ Բելառուսով մեկ մարդիկ, որոնք դուրս են եկել փողոցներ պաշտպանելու իրենց ձայնը, դաժանորեն ծեծի են ենթարկվել, բանտարկվել և խոշտանգվել իշխանությունից հուսահատ կառչած ռեժիմի կողմից։ Հարյուրավոր վիրավորներ կան, առնվազն երկու մարդ է զոհվել, և դա տեղի է ունենում հենց հիմա Եվրոպայի կենտրոնում։
Ես կոչ եմ անում չճանաչել այս կեղծված ընտրությունները։ Պարոն Լուկաշենկոն կորցրել է լեգիտիմությունը մեր ժողովրդի ու աշխարհի առաջ։ Իշխանության խաղաղ փոխանցման գործընթաց ապահովելու նպատակով իմ նախաձեռնությամբ ստեղծվել է Ազգային համակարգման խորհուրդ, որն առաջնորդելու է իշխանության խաղաղ փոխանցումը երկխոսության միջոցով։ Այն անհապաղ կոչ է անում նոր և արդար նախագահական ընտրություններ անցկացնել միջազգային վերահսկողության ներքո։
Եվրոպայի հարգարժան առաջնորդներ, ես ձեզ կոչ եմ անում աջակցել Բելառուսի զարթոնքին։ Բոլոր երկրներին կոչ եմ անում հարգել միջազգային օրենքի սկզբունքները, հարգել Բելառուսի ինքնիշխանությունն ու Բելառուս ժողովրդի ընտրությունը», - հայտարարել է Տիխանովսկայան։
Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 26 տարի։ Օգոստոսի 9-ի հերթական ընտրություններին, պաշտոնական տվյալներով, նա 80 տոկոս ձայն է ստացել, բայց քվեարկությունից անմիջապես հետո Մինսկում և Բելառուսի մյուս քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են սկսվել ընդդեմ Լուկաշենկոյի։ Նա ընդդիմությանը մեղադրում է իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ։