Մատչելիության հղումներ

Covid-19-ի նոր դեպքերի նվազմանը զուգահեռ, նվազում է նաև ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը. ԱՆ խոսնակ


«Կորոնավիրուսի նոր դեպքերի նվազմանը զուգահեռ, նաև ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվն է նվազում», - տեղեկությունը փոխանցած առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօրվա թվերը համեմատում է մեկ ամիս առաջվանի հետ։

«Ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվն այս պահին 231 է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 64-ը, իսկ թոքային օդափոխման արհեստական սարքին միացված է 16-ը: Այս թվերի հետ կապված վերջին մեկ շաբաթում փոփոխություն չի դիտվում, 300-ն այսպես ասած պահպանվում է, բայց վերջին մեկ ամսվա հետ համեմատած, իհարկե, նաև այդ թվերն են նվազել», - ասաց Նիկողոսյանը:

Վերջին մեկ օրում կորոնավիրուս է հաստատվել 1827 թեստավորվածներից 10,7 տոկոսի, թվերով՝ ևս 196 մարդու մոտ։ Առողջացել է 320-ը։ Մահացել է 3 հոգի։ Առանց մանրամասնելու, Առողջապահության նախարարությունը ավանդական բացատրությունն է տվել՝ ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, կորոնավիրուսով վարակված ևս երեք մարդ է մահացել, բայց նույն աղբյուրի պնդմամբ՝ այլ հիվանդության պատճառով:

Մարտի 1-ից մինչև այսօր վարակը հաստատվել է մոտ 41 հազար 500 հայաստանցու մոտ, բուժվել է մոտ 34,5 հազարը։ «5 հազար 952-ն են այս պահին փաստացի հիվանդ կորոնավիրուսով: Թվերն իրենք իրենցով արդեն վիճակագրություն ցույց են տալիս, որ, այո, նվազումը կա, բայց կրկին դա առիթ չէ ուրախանալու, այլ հակառակը՝ մենք թվերին նայելով պետք է ավելի զգոն լինենք, որպեսզի կոտրենք թվերի ավելացումը այլևս չունենանք պիկեր», - նշեց ԱՆ խոսնակը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն երեկ հաղորդեց՝ այսօրվանից առաջիկա 2 շաբաթներին Երևանից Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Լիբանան, Եվրոպա, Միացյալ Նահանգներ ու հակառակ ուղղությամբ իրականացվելիք թռիչքների մասին, դրանք բոլորը՝ չարտերային։

Արտակարգ դրությունը երկարաձգելիս կառավարությունը որոշեց, որ ոչ Հայաստանի քաղաքացիները ևս կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան, իսկ ահա հայաստանցիների համար ամեն երկիր իր կանոններն ունի սահմանած։ Արտգործնախարությունը խորհուրդ է տալիս արտերկրյա ուղևորություն կազմակերպելիս թռիչքներին զուգահեռ ճշտել նաև այս կամ այն երկրում մուտքի համար գործող սահմանափակումները։ Հայաստանցիների համար օդային հաղորդակցությունն այս պահին, օրինակ, շարունակում է փակ մնալ Ռուսաստանի ու եվրոպական մի շարք երկրների հետ։

Եթե ճանապարհորդելը դժվար է, ապա թատրոն գնալը առաջիկայում շատ էլ իրատեսական է։ Պարետատունը սահմանափակումների մեղմացումների շարքում նաև բացօթյա ներկայացումները թույլատրելուց խոսեց։ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ասում է՝ հենց հստակեցվեն չափորոշիչները, կսկսեն վաճառել տոմսերը։ Ռուսական թատրոնը եզակիներից է, որ բացօթյա տարածք ունի, նաև՝ նոր ներկայացում՝ «Գարդենիան», որն էլ ամիսների դադարից հետո պատրաստվում են հանձնել հանդիսատեսի դատին։

«Կոնկրետ քանի հոգի, ինչ, ոնց և այլն, դա դեռ չկա, հենց որ դա կլինի կես ժամ հետո մեր դրամարկղը կսկսի վաճառել տոմսեր: Ես լիահույս եմ, որ արդեն 21, 22, 23 այս ամսվա մեջ միգուցե, պահպանելով ամեն ինչ, մենք կկարողանանք ընդունել հանդիսատես», - ասաց Մխիթարյանը:

Պահպանելով հակահամաճարակային կանոնները՝ թատերական գործիչները դեռ մեկ ամիս առաջ էին առաջարկում վերսկսել բացօթյա ներկայացումները, բայց պարետատունը նոր որոշեց թույլատրել։ Արդյոք կարո՞ղ էին ավելի շուտ դա անել, ռուսական թատրոնի տնօրենն ասում է՝ առաջիկայում կհասկացվի՝ ով էր սխալ, ով՝ ճիշտ։

Հինգ ամիս՝ հայտարարված արտակարգ դրությունից հետո, թատրոնները հանդիսատեսի համար փակ են, իսկ բացօթյա տարածք ոչ բոլորն ունեն։ Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ իրենց բակում խաղալու ցանկություն նաև Համազգային ու Մնջախաղի թատրոններն են հայտնել, պետական թատրոնների համար ասում է՝ բացօթյա բեմն անվճար կտրամադրեն։

«Այս բեմը, տեսնում եք, բոլոր դեպքերում քիչ հանդիսատեսի հնարավորություն կունենա, մենք պետք է իրար օգնենք, որպեսզի չկորցնեն թե՛ մեզ, թե՛ մեր հանդիսատեսին, թե՛ մեր մասնագիտությունը», - ընդգծեց նա:

Ռուսական թատրոնի տնօրենը կարծում է՝ կորոնավիրուսային այս ճգնաժամը բազմաթիվ վատերի կողքին, լավ կողմ էլ ուներ. «Շատ-շատերը հոգնել են օնլայն լինելուց, և միգուցե արդյունքը դա է, որ մենք էլ ավելի սկսեցինք գնահատել այդ կենդանի շփումը, կենդանի ներկայացումները, այդ էներգիան, որն անցնում է երկու մարդու միջև և ինչու չէ, նաև դերասանի և հանդիսատեսի, այդ ձեռք սեղմելը, գրկելը իրար, ինչու չէ, նաև համբուրվելը, դա էլ: Դա շատ կարևոր է, և երևի այդ ժամանակաշրջանը մեզ բոլորիս տրված է, որ մենք վերագնահատենք մեր կյանքը, մեր հարաբերությունները»:

XS
SM
MD
LG