Մատչելիության հղումներ

Պարետ․ «Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ»


«Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ինչ վերաբերում է Վրաստանին», - նշեց նա, - «որևէ բանակցային գործընթաց չկա սահմանների վերաբացման հետ կապված այս փուլում: Անհատական ավտոմեքենանով վերադարձը ասեմ նախկինում ինչպես է արվել: Նախկինում եղել են ավտոբուսներով տեղափոխումներ, և այդ ավտոբուսներով տեղափոխումները կազմակերպվել են նաև մեր հյուպատոսության աշխատանքների շնորհիվ: Եթե կա այնտեղ կոնկրետ ինչ-որ մի քանակով մարդիկ... այսինքն` դա մեկ օրվա կամ երկու օրվա հարց է: Կարծում եմ, նվազագույնը քննարկելի է և բանակցելի է մեր վրաց գործընկերների հետ»:

Պարետատունն այսօր ընդունել է Հայաստանից Ռուսաստան տեղափոխվել պահանջող քաղաքացիներին, «Ազատությանը» փոխանցեց կեսօրին կառավարության առջև իրականացված բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նրանց ասել են, որ Ռուսաստան գնալու համար պետք է սպասել այդ երկրի իշխանությունների` օտարերկրացիների առջև սահմանները բացելու որոշմանը:

Բազմաթիվ մարդիկ մինչ կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության հաստատումը տարբեր պատճառներով եկել էին Հայաստան, սակայն սահմանների փակման հետևանքով առայժմ Ռուսաստան վերադառնալ չեն կարողանում: Բողոքավորների մի մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն, իրենց պնդմամբ, ինքնաթիռի տոմս գնել չի հաջողվում: Նրանց մի մասն էլ ցանկանում է սեփական մեքենաներով ուղևորվել Ռուսաստան: Իսկ Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող մարդիկ չեն կարող գնալ այնտեղ ռուսական կողմի սահմանափակումների պատճառով:

Ռուսաստանի Դաշնությունը փակեց իր սահմանները օտարերկրյա քաղաքացիների առջև դեռ մարտին` համավարակի մեկնարկից:

«Ե'վ դեսպանատուն ենք գնացել, և' Ազգային ժողով ենք գնացել... մենք երեք-չորս շաբաթ է արդեն այս հարցի հետ կապված դուրս ենք գալիս», - ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

Արտգործնախարար Մնացականյանը զրուցում է ցուցարարների հետ
Արտգործնախարար Մնացականյանը զրուցում է ցուցարարների հետ

Ռուսաստանաբնակ հայերի մի մասն էլ Բագրատաշենի անցակետում է մի քանի օր գիշերել` սահմանը հատելու պահանջով. – «Շատերս Ռուսաստանի քաղաքացիներ ենք, բոլորս ուզում ենք տուն վերադառնալ: Ցանկանում ենք, որ մեզ Ռուսաստան գնալու միջանցք տան»:

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մնացած ռուսաստանաբնակ հայերի ցանկում և' Ռուսաստանի, և' Հայաստանի քաղաքացիներ կան: Նրանցից ոմանք այնտեղ հարազատները` ծնողներ, երեխաներ ունեն, ոմանք էլ ցանկանում են մեկնել աշխատելու համար:

Հավաքվածներին լսեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծեց` սահմանները բացվում ու փակվում են ոչ միայն Հայաստանում, այլև ուրիշ պետություններում. – «Այս պահի դրությամբ Հայաստանը ունի մի համակարգ սահմանը հատելու այլ քաղաքացիների համար, այլ երկրներ իրենցը ունեն: Եթե մեր հարևան երկրները փակ են պահում, դա իրենց քաղաքականությունն է»:

Մնացականյանի խոսքով, իրեն ուղղված հարցերի հասցեատերը Ռուսաստանի իշխանություններն են:

Մի տղամարդ պնդեց, թե իրենց այստեղ պատանդ են պահում. – «Ոչ մի տեղ սենց արտակարգ դրություն չկա...»

Նախարարը հակադարձեց. – «Դուք հասկանո՞ւմ եք, որ համավարակ է եղել, դուք հետևո՞ւմ եք թվերին, դուք տեսնո՞ւմ եք, որ վտանգները շատ բարձր են»:

Նախարարին իր պատմությունը ներկայացրեց նաև Հայաստանի քաղաքացի մի կին: Պատմեց, որ մարտին եկել է Հայաստան` այնտեղ թողնելով իր 4-ամյա երեխային, որն այժմ առողջական խնդիրներ ունի. – «Եթե իրանք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, գալիս են... Ես ունեմ աշխատանքային պայմանագիր, մայիսի 26-ին վերջացել ա: Ամուսինս ունի կացության կարգավիճակ, մարտին գնացել ա, ես էդ հնարավորությունը չունեմ, չի ստացվել»:

Հավաքվածները նախարարից պահանջում են որևէ լուծում գնտել` օգտագործելով դիվանագիտական կապերը:

Ի դեպ, Հայաստանի կառավարությունն այսօր օտարերկրացիների առջև սահմանները բացելու որոշում ընդունեց: Հայաստանի սահմանները, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, փակ էին մարտ ամսից:

XS
SM
MD
LG