Մատչելիության հղումներ

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը, որոշ սահմանափակումներ հանվեցին


Որոշ սահմանափակումներ մեղմացվում են

Չնայած կորոնավիրուսի նոր դեպքերի նվազմանը, կառավարությունն այսօր որոշեց արդեն 5-րդ, սակայն թերևս վերջին անգամ ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը՝ մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17:00-ն։

Գործադիրի նիստի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրության նոր կանոնները. որոշ սահմանափակումներ հանվում, մեղմացվում են։ Մասնավորապես, այսուհետև կթույլատրվեն հավաքներ ու գործադուլներ անցկացնել, սակայն պարտադիր դիմակներով ու սոցիալական հեռավորության պահպանման պայմանով, վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը, սակայն երկշաբաթյա ինքնամեկուսացման պայմանով։ Միևնույն ժամանակ հնարավոր է այդ երկու շաբաթվա ընթացքում թեստ հանձնել ու բացասականի պարագայում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Մեղմացվում է նաև ընտանեկան միջոցառումների սահմանափակումը. թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում արդեն կարելի է անցկացնել միջոցառումներ, սակայն մինչև 40 մարդու մասնակցությամբ:

«Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը, վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը ոչ ավելի, քան 14-օրյա ժամկետի կտրվածքով», - նշեց Բադասյանը:

Վերանայվել է մի շարք վայրերում դիմակ պարտադիր կրելու պահանջը

Պարետատունը վերանայել է մի շարք վայրերում դիմակ պարտադիր կրելու պահանջը։ Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովի (ԱԺ) հատուկ նիստում ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու հիմնավորումները՝ հույս հայտնելով, որ դա արվում է վերջին անգամ, քանի որ բոլոր ռիսկերը դեռ չեզոքացված չեն։ Դիմակի կրումը շարունակում է մնալ պարտադիր, սակայն վերանայվում են բացօթյա տարածքում դիմակ կրելու պահանջները։ Հանրային տրանսպորտում, տաքսիներում պարտադիր է դիմակի կրումը, սակայն անձնական մեքենաներում արդեն ուրբաթ օրվանից՝ օգոստոսի 14-ից, դիմակ կարող ենք չկրել։ Առաջիկա օրերին պարետը կհրապարակի ուղեցույցը։

«Խոսքը գնում է բնության գրկում, անտառում, լողափին, ընտանիքի անդամներով, այսինքն` սա շատ կոնկրետ նկարագրված դեպքեր են լինելու ոչ այնքան մեծ ծավալով, որոնք որ պարետի որոշումներով մինչև ուրբաթ օրը, այս, ինչի մասին խոսեցինք, մինչև ուրբաթ օրը շատ հստակ, կանոնակարգված կհրապարակվի», - ասաց պարետ Ավինյանը:

«Եթե չգնահատենք այս վիճակը, կգլորվենք հուլիսի վիճակին»

Արդեն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» Հրանտ Այվազյանը դիտարկում արեց՝ ոստիկանները շատ հաճախ չարաշահում են լիազորությունները և օգտվելով առիթից, որ մարդը մի քանի վայրկյանով իջեցրել է դիմակը, տուգանում են մարդկանց. - «Մարդկանց մոտ տպավորություն է, որ ոստիկանության վրա պլան է դրված, որ կոնկրետ այսքան մարդ պետք է տուգանվի»:

«Եթե անձը կրում է դիմակ պատշաճ կերպով, հրահանգ լինի, հրահանգ չլինի, նրան հնարավոր չէ տուգանել», - արձագանքեց Տիգրան Ավինյանը:

Ի դեպ, այսօր ավելի վաղ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինայնը կարևորեց ոստիականության կոշտ աշխատանքը դիմակների պատշաճ կրման հետևելու գործում՝ ընգծելով` «եթե չգնահատենք այս վիճակը, կգլորվենք հուլիսի վիճակին»: «Գիտեմ, որ կան դժգոհություններ, որ քաղաքացիները տուգանվում են, այո, և դրա համար կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել: Այն ժամանակ ասում էինք՝ կրիր դիմակ, փրկիր կյանքեր, հիմա հույս ունեմ մահերը կզորյանան և կասենք՝ կրիր դիմակ և մի տուգանվիր», - ասաց կառավարության ղեկավարը:

Օդային և ցամաքային տարածքների, ուղևորափոխադրումների մասին

Թեպետ Հայաստանը վերացնում է օդային սահմանները օտարերկրացիների համար, այդուհանդերձ պարետը ընդգծեց` յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանելու ճանապարհորդության կանոնները ՀՀ քաղաքացիների համար։ Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա ըստ Ավինյանի՝ Վրաստանի և Իրանի հետ ցամաքային սահմանների բացման հարցի վերաբերյալ դեռևս քննարկումներ չկան։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ արտակարգ դրության երկարաձգումը վնաս է հասցնելու երկրի բոլոր ոլորտներին, ուստի արտակարգ դրությունը վերացնելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանը նախագիծ ներկայացրեց. - «Զուտ միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական առումով արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ է, բազմաթիվ սահմանափակումների տեղիք է տալիս Հայաստանից դուրս եկող քաղաքացիների համար, Հայաստան եկող կանոնավոր չվերթները չեն վերականգնվում այդ պատճառով, և դեռ հարց է, թե բանակցությունների արդյունքում այդ չվերթները կվերականգնվեն, թե ոչ: Ըստ մեզ` մի քանի սահմանափակումներ է, որ անհրաժեշտ է պահպանել»:

«Բարգավաճ Հայաստանը» ևս դեմ հանդես եկավ արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշմանը և միացավ ԼՀԿ-ի նախաձեռնությանը։ Ամենամեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամբիոնից այդ մասին բարձրաձայնեց. - «Ինչո՞ւ նպատակահարմար չէ երկարացնել արտակարգ դրությունը, որովհետև այստեղ երևի թե 20 և ավելի հարց հնչեց այն մասին, թե ինչու օրինակ` Եվրամիության տարբեր երկրներ չեն բացում Հայաստանի հետ օդային սահմանը: Դուք ասացիք, որ խնդիրը մեր մեջ չի, խնդիրն իրենց մեջ է, այո, միանշանակ, եթե Հայաստանն այդ երկրներում նշված է կարմիր սիգնալով` որպես SOS, որտեղ պարբերաբար հինգերորդ ամիսն է` երկարաձգվում է արտակարգ դրությունը, բնականաբար, այդ երկրների լեգիտիմ ռեակցիան պիտի լինի Հայաստանի հետ չբացել օդային սահմանը»:

ԼՀԿ-ի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը չընդունվեց՝ 68 դեմ, 22 կողմ ձայների հարաբերակցությամբ։

Պետք է սովորենք ապրել Covid-19-ի պայմաններում

Պետք է սովորենք ապրել Covid-19-ի պայմաններում, հակահամաճարակային կանոններն էլ դարձնենք կենսակերպ։ Սա կառավարության դիրքորոշումն է։ Եվ այդ պատճառով նաև աստիճանաբար գնում են կրթական հաստատությունների բացմանը։ Ռիսկեր այստեղ կան, վարչապետ Փաշինյանի կանխատեսումներով՝ անխուսափելիորեն թվի աճ է լինելու, հորդորեց կրկնապատկել զգոնությունը և անտեսել բոլոր դավադրապաշտական զրույցները:

Բուհերի վերաբացման մասով վերջնական որոշում կկայացվի առաջիկա օրերին։ Շուտով կիմանանք նաև, թե ինչպես են աշխատելու մշակութային հաստատությունները։ Առաջին հերթին կհրապարակեն ուղեցույցներ թանգարաններն ու գրադարանները վերաբացելու կանոնների վերաբերյալ։ Համերգասրահները, թատրոնները, հնարավորություն կունենան աշխատել բացօթյա ռեժիմում։ Նույնը վերաբերում է անհատ կատարողներին։

«Մշակույթն ու արվեստը թերևս կօգնեն մի փոքր ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը», - կարծում է պարետը:

Նպատակը 0 թվին մոտենալը չէ. նախարար

Անցած մեկ օրում 1710 թեստավորումից կորոնավիրուս հիվանդությունը հաստատվել է 201 մարդու՝ այսինքն ստուգվածների 12 տոկոսի մոտ։ Ընդհանուր առմամբ մինչև օրս կորոնավիրուսով Հայաստանում վարակվել է 40 հազար 794 մարդ։ Covid-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 262 մարդ:

Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրը արձանագրված դեպքերը, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով` նպատակը 0 թվին մոտենալը չէ։

Դեռ ունենք մահվան դեպքեր. մեկ օրում վարակից մահացել է ևս 3 մարդ։ Ամենաերիտասարդը՝ 59-ամյա տղամարդ, ամենատարեց՝ 64-ամյա կին։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասավ 806-ի: Եվս 234 վարակակիր մահացել է այլ պատճառներով: Նախարարի խոսքով՝ մոտ 300 հոգի ծանր վիճակում է, սակայն այստեղ էլ նվազման միտում է նկատվում։

XS
SM
MD
LG