Մատչելիության հղումներ

Ըստ Մարուքյանի, կառավարությունը պետք է հետ կանգնի արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումից


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արխիվ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արխիվ

Խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է՝ կառավարությունը պետք է հետ կանգնի արտակարգ դրությունը ևս մեկ անգամ երկարաձգելու որոշումից և օրենսդրական այլ միջոցներով հակահամաճարակային կանոնների վերահսկումն իրականացնի։

Երեկ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր հայտարարել, որ որոշում ունեն օգոստոսի 12-ից հետո էլ, հավանաբար, վերջին անգամ երկարաձգել արտակարգ դրությունը, սակայն էական փոփոխություններ կատարել՝ վերանայել օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունները, ապրանքների արտահանմանն առնչվող, հանրահավաքների ու հանրային միջոցառումների անցկացման հարցերը:

Էդմոն Մարուքյանն ասում է՝ այս վերջին երկարաձգման մասին հայտարարությունն իրենց համար անակնկալ էր, քանի որ սպասում էին, որ կառավարությունը այլ օրենքներում փոփոխությունների միջոցով սահմանափակումները կպահպանի և արտակարգ դրության ծանր ռեժիմը վերջապես կդադարի։

«Մենք շարունակում ենք մեր երկիրը պահել ռուսերեն ասած՝ чрезвычайное положение-ի մեջ, անգլերեն ասած՝ state of emergency-ի, դա ուղերձ է: Այսինքն երկրներում նայում ենք, Հայաստանի անվան դիմաց գրված է՝ state of emergancy, այսինքն այս երկրից հեռու մնացեք, այստեղ մի այցելեք, այստեղ ձեր ինքնաթիռները մի ուղարկեք, ավիափոխադրողներ, ուղևորափոխադրողներ, բոլորով խուսափեք այս երկրից: Առաջին ուղերձը սա է: Հայաստանից ավելի վատ վիճակում գտնվող, կորոնավիրուսի իմաստով, երկրներ կան, որտեղ պաշտոնապես իրավական առումով արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարված չէ, և հետևաբար շատ կարևոր էր, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը չշարունակվեր, և սահմանափակումները մենք պահպանեինք այլ իրավակարգավորումներով, ինչն, ըստ էության, չարվեց, և տուժելու են արտագնա աշխատողները, տուժելու են բազմաթիվ ոլորտներ», - ասաց ԼՀԿ ղեկավարը:

«Ազատության» հարցին՝ նշված է նաև, որ ինչ-որ հնարավորություններ կամ թույլտվություն կլինի արտագնա աշխատանքի մեկնողների համար, կարծում է՝ դա անիրականանալի՞ է, Մարուքյանը պատասխանեց. «Ինչ-որ բանակցություններ կային, բայց անգամ, եթե ինչ-որ երկրների հետ համաձայնություն ձեռք բերվի, շատ բարդ է լինելու, որովհետև Հայաստանում իրավական առումով արտակարգ դրության իրավական ռեժիմ է, և այդ ռեժիմից բխող սահմանափակումներ են լինելու Հայաստանից գնացող քաղաքացիների, մեր հայրենակիցների համար: Այդ վերնագիրը խնդրահարույց է: Եկեք մի բանի վրա էլ ուշադրություն դարձնենք, որ մենք արտակարգ դրություն, ըստ էության, երկրում չունենք, չկա նման բան՝ երկիրը ո՛չ կարանտինի մեջ է, ո՛չ ինչ-որ <...>, Իրավական առումով հայտարարություն է սա: Այսինքն մենք երկրում արտակարգ դրություն չունենք դե ֆակտո, բայց դե յուրե շարունակում ենք այն պահպանել: Ինչի՞ համար, ի՞նչ խնդիր ենք սրանով լուծում, գոնե ինձ համար պարզ չի»:

Հարցին էլ՝ համաձա՞յն է նրա հետ, որ հավաքների անցկացման սահմանափակումները պետք է մեղմացվեն, ԼՀԿ ղեկավարն արձագանքեց. «Մենք դեռևս երկու ամիս առաջ առաջարկել էինք, որ պետք է հավաքների հնարավորությունը տալ՝ դիմակներով, սոցիալական հեռավորություն պահելով, բայց հնարավորություն տալ մարդկանց տարբեր հարցերով իրենց խնդիրները բարձրաձայնել: Մարդկանց խնդիրների բարձրաձայնումը խեղդել օրորոցի մեջ դա ոչ մի լավ բանի չտանող ճանապարհ է: Սրա մասին բազմիցս ասել ենք, երևի տեղ է հասել մեր ասածը, հիմա ուզում են թույլ տան՝ որոշակի սահմանափակումներով»:

Էդմոն Մարուքյանը հույս ունի՝ կառավարությունը կլսի քննադատությունը և հետ կկանգնի այս որոշումից։ «Իմ հայտարարությունների, խիստ քննադատության նպատակը խնշումն է կառավարության վրա գործադրել, որ կառավարությունը հրաժարվի այս ոչ մի տեղ չտանող ճանապարհից և բերի այդ փաթեթը, ընդունենք և սահմանափակումները պահպանենք այդ փաթեթով», - նշեց նա:

Երևանի փողոցներում՝ վերաբերմունքը արտակարգ դրության հնարավոր երկարաձգմանը միանշանակ չէր։

XS
SM
MD
LG