Մատչելիության հղումներ

Ոչ միայն բժիշկ, այլև հոգեբան. կորոնավիրուսի առաջնագծի բժիշկներից մեկի փորձը


Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 160-ով, առողջացել է ևս 541 մարդ։ Այս պահին բժշկական կենտրոններում կորոնավիրուսից բուժվող հիվանդների թիվը 1540 է։

«Փաստացի բուժվողների թիվն է գնալով նվազում, վերջին 10 օրվա դինամիկան համենայն դեպս այդպիսին է, արդեն 6 հազար 399 պացիենտ է փաստացի այս պահին բուժվում: 4 հազար 859-ը գտնվում են տանը, տնային բուժում, այսինքն` թեթև ախտանշաններ ունեն կամ ընդհանրապես չունեն, և մնացածն արդեն բժշկական կենտրոններում են», - ասաց Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Երեկ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 7 մարդ, մինչ այս պահը այս վիրուսից ընդհանուր մահացածների թիվը 803 է։ Թեև օգոստոսին ամեն օր գրանցվող վարակի նոր դեպքերի թիվը զգալիորեն պակաս է հունիսին և հուլիսին գրանցվող դեպքերի թվից, այնուամենայնիվ կտրուկ չի կրճատվում ամեն օր կորոնավիրուսից մահացող մարդկանց թիվը, դիտարկման հետ համաձայն է ԱՆ խոսնակը. - «Այո, ցավոք, մահվան դեպքերի նվազում մենք դեռևս չենք կարող դիտարկել, և դա կապված է նրա հետ, որ մենք դեռևս ունենք ծանր, ծայրահեղ ծանր և թոքային արհեստական օդափոխման սարքին միացված քաղաքացիներ, ինչը բերում է մահվան ելքերի. երբեմն գիտեք, որ ուղղակի հնարավոր չէ փրկել մարդու կյանքը»:

Կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու գործում ներգրավված Հայաստանի բոլոր 14 բժշկական կենտրոնները շարունակում են աշխատել ու սպասարկել հիվանդներին, չնայած նրանց թվի որոշակի նվազմանը. - «Իրականում բժշկական կենտրոններն այս պահին, բնականաբար, այն ծանր վիճակում չեն, ինչ 600-700 դեպքեր ունենալու ժամանակահատվածում»:

Կորոնավիրուսի դեմ պայքարին հենց առաջին օրերից լծված Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բժիշկ Անի Գևորգյանը ոչ միայն սպասարկել է Մեղրաձորի բնակիչներին, այլև աշխատել է Աղավնաձորի մեկուսարանում, որտեղ, ըստ նրա, աշխատանքի ամենաբարդ մասը ոչ թե մեկուսացածներին որպես բժիշկ սպասարկելն էր, այլ նաև հոգեբան լինելու փորձերը. - «Մենք որպես բժիշկ լինելուց բացի, նաև առաջին հերթին դառնում ենք հոգեբան, քանի որ մեկուսացման մեջ գտնվող մարդիկ այդքան կլինիկայից չէին գանգատվում, ինչքան այդ փակ դռներից, և ավելի շատ աշխատանքն ուղղված էր նրան, որ նրանք հարմարվեին, ավելի հեշտ տանեին մեկուսացումը»:

Աղավնաձորում մի քանի շաբաթ աշխատելուց հետո ստիպված է եղել ինքն էլ մեկուսանալ, ապա 2 շաբաթ անց նրա մոտ ի հայտ են եկել կորոնավիրուսի նշաններ. - «Բուժվելու գործընթացը 14 օր էր, գտնվել եմ հիվանդանոցում, բարեհաջող ելքով: Ջերմությունը, մինչև (3)8-9 ջերմել եմ, կլինիկական բոլոր արտահայտումներն ունեցել եմ»:

Մոտ 2.5 ամիս տնից հեռացած Անի Գևորգյանը պատմում է, որ բաժանումը հեշտ չէր, սակայն ընտանիքը նրան հեռվից գոտեպնդել է։ Հիվանդանոցում 2 շաբաթ բուժվելուց հետո նա վերադարձել է Մեղրաձոր, որտեղ մինչ օրս ունեցել են կորոնավիրուսի մոտ 20 դեպք. - «Գյուղում ընդհանրապես քանի որ մարդիկ իրար շատ լավ ճանաչում են, լուրերն էլ շատ մեծ արագությամբ տարածվում են, և եթե նույնիսկ գյուղի մի ծայրում ինչ-որ դեպք է հայտնաբերվում, բոլորը, այսպես ասած, մեկ վայրկյանում իմանում են այդ մասին, ու այդ զգոնությունը, զգուշությունը, գուցե և գյուղերում լավն այն է, որ դա օգնում է, որպեսզի մարդիկ շատ զգոն լինեն, սահմանափակեն շփումները»:

Կորոնավիրուսի առաջնագծում եղած բժշկի կարծիքով` վերջին շաբաթների ընթացքում ամենօրյա նոր դեպքերի թվի նվազումը պայմանավորված է նախ և առաջ դիմակների կրմամբ, ինչպես նաև արդեն ձևավորված որոշակի կոլեկտիվ իմունիտետի առկայությամբ. - «Մենք ունենք ռեֆլեքսներ դեմքին դիպչելու, որ մենք ինքներս չենք կարող կառավարել, բայց երբ որ դեմքին կա դիմակ, այդ ամեն ինչը ավտոմատ ստացվում է, այսինքն` էլ դեմքին չենք կպչում, որովհետև դա դիմակ, իսկ վարակի հիմնական տարբերակը շատ հաճախ ինչ-որ ախտոտված առարկաներին դիպչելով, հետո դեմքին հպելով արդեն վարակումը տեղի է ունենում»:

XS
SM
MD
LG