Մատչելիության հղումներ

Covid-19-ի համաճարակային վիճակը շարունակաբար թուլանում է, բայց հայտնաբերված դեպքերը դեռ մեծաթիվ են. վարչապետ


Կորոնավիրուսի համաճարակային վիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է, բայց հայտնաբերված դեպքերը դեռ մեծաթիվ են, այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս ընդգծեց՝ թեստերի ու հաստատված դեպքերի տոկոսային հարաբերակցության նվազումը խոսում է հիվանդության հայտնաբերելիության բարձրացման մասին։

«Եթե նախկինում նոր դրական դեպքերը մեր հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում են 15 տոկոս պլյուս-մինուս 1-2 տոկոս», - ասաց վարչապետը:

Անցած մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 233-ով, դրական է եղել իրականացված 1588 թեստերի 14,7 տոկոսը։ Վարակվածներից զգալիորեն մեծ է երեկ առողջացածների թիվը՝ 706 անձ, բուժվածների ընդհանուր թիվը հասավ 31 հազար 556-ի։ Այս պահին Covid-ից փաստացի բուժվում է 7 հազար 263 մարդ։

Համավարակի հաղթահարման առկա դրական միտումը պահպանելու նպատակով կառավարությունը որոշել է փոխել հետազոտությունների մարտավարությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր գործադիրի նիստում նշեց՝ այլևս չեն սպասելու, որ հնարավոր վարակվածներն իրենք գան հետազոտման, այլ առողջապահական գերատեսչությունը սեփական նախաձեռնությամբ կգնա և կթեստավորի այն հաստատությունների աշխատակիցներին, որտեղ դրական դեպք է գրանցվել։ Ըստ նախարարի՝ նման հնարավորություն է ընձեռել վերջին շրջանում բուժհաստատություններ դիմողների թվի նվազումը։

«Խորհուրդ է տրվում թեստավորման ծավալներն այնպիսի մակարդակում պահել, որպեսզի հայտնաբերված դեպքերը կազմեն թեստավորված դեպքերի մոտավորապես ոչ ավելի, քան 10 տոկոսը: Մենք հույս ունենք, որ կհասնենք այդ 10 տոկոսին: Դրան հասնելու համար մենք նախաձեռնողական վերցնում ենք ռիսկային փակ հաստատությունների կոլեկտիվներ կամ բնակիչներ հետազոտելու, ինչպես նաև համաճարակաբանական կապ գտնելով տարբեր ձեռնարկություններում, եթե մի հոգու դրական հայտնաբերում ենք այդ հաստատություններում, որպեսզի հնարավոր մնացածին էլ արագ հայտնաբերենք, մենք չենք սպասում նրանց մոտ սիմտոմների ի հայտ գալուն և դիմելուն, մենք վերցնում ենք և բոլորին հայտնաբերում ենք», - ասաց Թորոսյանը:

Երեկ կորոնավիրուսից մահացել է 2 անձ, նրանք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ են ունեցել։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 772-ի։ 228 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Գործադիրի նիստին վարչապետ Փաշինյանը նաև նշեց, որ երեկվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդ 68 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ 300-ը՝ ծանր։ Covid-ը լուրջ խնդիրներով տանող հիվանդների առավելագույն թիվն, ըստ վարչապետի, գրանցվել է հուլիսի 8-ին և 9-ին։

«Մեր ամենապիկը ծայրահեղ ծանր հիվանդների եղել է 131, դա արձանագրվել է հուլիսի 8-ին, և ծանր դեպքերի պիկը եղել է հուլիսի 9-ին՝ 572 դեպք, տեսնում ենք, որ էականորեն թվերը նվազել են», - նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծում է՝ նոր դեպքերի թվերի անկումը հիմնականում դիմակներ կրելու շնորհիվ է և քաղաքացիները պետք է շարունակեն խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին:

«Ազատությունն» այսօր դիմակը սխալ կրող՝ քիթն ու բերանը չփակող բազմաթիվ մարդկանց հանդիպեց Երևանում։ Ռիսկային համարվող հանրային տրանսպորտի որոշ վարորդներ պարետատան հորդորներին չեն հետևում։ Մեկը ծխում էր ղեկին, մյուսն՝ առանց դիմակի հեռախոսով խոսում, «Ազատության» տեսախցիկը նկատելուն պես կարգազանց վարորդները դիմակը կայծակնային արագությամբ վերադարձրին բնականոն դիրքին, ուղևորները հիմնականում դիմակով էին: Տրանսպորտից օգտվողներից ոչ բոլորն էին նկատել կարգազանց վարորդների:

Մայրաքաղաքի ամենամեծ սուպերմարկետներից մեկում դիմակ կրելու կանոնը խախտողները շատ էին: Փողոցներում էլ արևին են մեղադրում՝ ասելով, թե դիմակը ճիշտ կրել չեն կարողանում:

XS
SM
MD
LG