Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարվել է ԱԱԾ-ում նախապատրաստվող գործով բացատրություն տալ:
ԱԱԾ շենքում մոտ կես ժամ գտնվելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վանեցյանն ասաց, որ նախապատրաստվող գործով որևէ դատարավարական կարգավիճակ չունի, որևէ պարտավորություն չուներ գալու, բայց այցելել է՝ հարգելով այս ինստիտուտը։
«Իշխանություններն ամեն կերպ փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում`նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը», - հայտարարեց նա:
ԱԱԾ Լրատվական ծառայութան պետ Արթուր Գևորգյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քննվող գործն առնչվում է պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելուն։ Ըստ իրավապահների, իր պաշտոնավարման շրջանում Վանեցյանը, անտեսելով օրենքով սահմանված 50 տարեկանի սահմանափակումը, բաժնի պետի պաշտոնում նշանակել է 51 տարեկան, փոխգնդապետի զինվորական կոչում ունեցող, նախկինում ծառայությունից արձակված անձի` նրան տալով գնդապետի կոչում:
Գևորգյանի խոսքով, այս սահմանափակումների մասին Վանեցյանը տեղեկացված է եղել. – «Սակայն վերջինս ցուցում է տվել այնուամենայնիվ պատրաստել ԱԱԾ-ում նրան զինվորական ծառայության ընդունելու հրամանի նախագիծը և ներկայացնել իրեն»։
ԱԱԾ-ն նաև ընդգծում է, որ Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում պետության պատճառված որևէ վնաս չի վերականգնվել:
Արթուր Վանեցյանն ու իր փաստաբան Լուսինե Սահակյանը, մինչդեռ, նախապատրվող գործի մասին այլ կարծիքի են:
«Օրենքի ընթերցման հետ կապված խնդիրներ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև այսօրվա ԱԱԾ գործող տնօրենը», - նշեց Վանեցյանը:
Նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հավելեց. – «Քրեական օրենսգրքում չկա նման նորմ: Եթե նույնիսկ խախտում եղած լիներ, անձը վաթսուն տարեկանում վերականգնված լիներ, միևնույն է սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող»:
Վանեցյանը համոզված է, որ գործը շինծու է, և ինքը իր քաղաքական ակտիվության պատճառով է հետապնդման ենթարկվում:
ԱԱԾ տնօրենի պաշտոնին հրաժեշտ տալու և «Հայրենիք» կուսակցությունը հիմնադրելուց հետո Վանեցյանը հանդիպումներ է ունենում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ` «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության:
Այսօր նա չբացառեց, որ ապագայում կարող են լինել հանդիպումներ ՀՀ նախկին նախագահների հետ. – «Կարող է լինել և' Քոչարյանի, և' Սերժ Սարգսյանի, և' Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»:
Արթուր Վանեցյանը «տեղին» չհամարեց լրագրողների դիտարկումը, թե խոսքը այն Քոչարյանի ու Սարգսյանի մասին է, որոնց ինքը ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեղադրում էր կոռուպցիայի, երկիրը թալանելու մեջ. – «Քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ»:
Ուշագրավ է, որ այսօր քաղաքական հետապնդումների մասին խոսող Վանեցյանը, ավելի վաղ, երբ դեռ զբաղեցնում էր ԱԱԾ պետի պաշտոնը վստահ էր, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը քաղաքական հետապնդման չի ենթարկվում։ Այս մասին Վանեցյանը խոսել էր անցած տարի փետրվարին, երբ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանը մեղադրվում էր հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ։ Պաշտոնից ազատվելուց հետո Վանեցյանը հորդորեց իրեն չկապել նախկինների հետ։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանը փորձում է թարմացնել Վանեցյանի հիշողությունը՝ ընդգծելով, որ այսօր, երբ ԱԱԾ նախկին տնօրենը խոսում է նախկինների հետ հավանական հանդիպումների մասին, փաստորեն չբացառելով նաև համագործակցությունը նրանց հետ, թերևս մոռացել է, որ ժամանակին բացառում էր համագործակցությունն այն ուժերի հետ, որոնց ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործեր կան կամ դատավարություն են ընթանում։
Հրաչյա Հակոբյան. – «Ոչ այլ ինչ է, քան համագործակցության եզրեր փնտրել: Էստեղ մենք տեսնում ենք արդեն իսկ նրա խոսքերում հակասություններ»:
«Թե՛ Վանեցյանը, թե՛ իր մերձավոր շրջապատը տեսել են, թե ինչ բան է քաղաքական հետապնդում», - ավելացրեց պատգամավորը՝ պնդելով, որ ներկայիս իշխանության օրոք չի եղել, չկա ու չի լէլ ինելու քաղքական հետապնդում: - «Այնպես որ, էդ մարդիկ թող իզուր շահարկման թեմա չսարքեն` ասելով, թե այս կամ այն հարցը, կամ այս կամ այն անձի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, որովհետև, նորից եմ կրկնում, մենք, մեր հանրությունը տեսել է, թե ովքեր և ինչպես են ենթարկվել ժամանակին քաղաքական հետապնդումների»:
Հեղափոխությունից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած և մեկ տարի հետո պաշտոնից ազատված Վանեցյանը համոզված է, որ առաջիկայում սպասվում են ակտիվ քաղաքական զարգացումներ: Նա պնդում է, թե երկիրը ծանրագույն վիճակում է, իշխանությունները բոլոր ուղղություններով ձախողել են ու փորձում են գործ անելու փոխարեն փակել ընդդիմադիրների բերանները։ Ակնարկում է, որ իշխանափոխության պահանջով մարդիկ փողոց դուրս կգան:
Հրաչյա Հակոբյանը հակադարձում է` կապրենք, կտեսնենք. – «Կորոնավիրուսը թող նահանջի, արտակարգ դրությունը վերանա, և մենք կտեսնենք, թե ինչպիսի բողոքի ցույցեր են լինելու, ում մասնակցությամբ, ինչպես են առաջնորդվելու դրանք»: