Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում Հայաստանում հաստատվել է Covid-19-ի 354 նոր դեպք, առողջացել է 631 մարդ


Կորոնավիրուսով վարակվածության թվերը Հայաստանում աստիճանաբար նվազում են։ Անցած մեկ օրում կատարված 1982 թեստավորումից 354-ն է դրական եղել, այսինքն վարակված են եղել հետազոտվածների շուրջ 18 տոկոսը։ Առողջացել է վարակվածներից գրեթե կրկնակի ավելի շատ՝ 631 մարդ։

Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ հաստատված 38 հազար 550 դեպքից 28 հազար 997-ն առողջացել է, 738-ը՝ մահացել, փաստացի բուժվում է 8 հազար 587 քաղաքացի։

Չնայած վարակվածների թվի որոշակի դրական տեղաշարժին, անցած օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 10 դեպք, ամենաերիտասարդը՝ 41, ամենատարեցը՝ 82-ամյա տղամարդիկ էին: Մահացած 10 քաղաքացիներն էլ, ըստ Առողջապահության նախարարության, ուղեկցող քրոնիկական հիվանդություններ են ունեցել։ Նախարարությունից նաև հայտնում են՝ 3 մարդու մոտ էլ հաստատված է եղել կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով։

Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ թեև լաբորատորիաներն ի վիճակի են օրական մինչև 2500 և ավելի թեստավորում անել, բայց քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում մարդկանց դիմելիությունը նվազել է՝ չափորոշիչների փոփոխություն է արվել, թե ի՞նչ գանգատների դեպքում կարող են քաղաքացիները դիմել պոլիկլինիկա անվճար հետազոտվելու ու թեստավորվելու համար:

«Եթե նախկինում, օրինակ, 38,5 աստիճան ջերմություն ունեցող քաղաքացիները կարող էին թեստավորում անցնել, ապա այժմ արդեն 37,5 ջերմություն ունեցող, նաև շնչառական և այլ կասկածներ ունեցող պացիենտները կարող են դիմել իրենց պոլիկլինիկա և հետազոտվել», - ասաց ԱՆ խոսնակը:

Ընդհանուր առմամբ մինչև այս պահը, Հայաստանում արվել է 163 հազար 736 թեստավորում: Նիկողոսյանն ասում է՝ պետք է շարունակել դիմակ կրել, պարբերաբար ախտահանել ձեռքերն ու սոցիալական հեռավորություն պահել։

Նույնն է պնդում նաև ինքնամեկուսացման գործընթացներին մասնակցող Նարեկ Վանեսյանը, որը Երևանի նախկին կարանտինային գրասենյակի ղեկավարն է եղել: 120 օր՝ առանց տուն գնալու, կարանտինային գոտիներում աշխատելուց հետո, երբ թվերն արդեն նվազում էին՝ Վանեսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Բուժվում է ինքնամեկուսացված, կնոջ ու անչափահաս երեխայի հետ նոր է սկսել հեռախոսով շփվել։ Սաստիկ ցավերից օրեր անց, երբ արդեն ի վիճակի է խոսել՝ «Ազատությանը» Նարեկ Վանեսյանն ասաց՝ հասկանում է մարդկանց, որ ամռան այս տապին դժվարանում են դիմակ կրել, բայց չկրելն ավելի վտանգավոր է։ Ինքն, օրինակ, պահպանել է հակահամաճարակային բոլոր կանոնները, բայց անգամ այդ դեպքում է վարակվել, վստահ է, որ սիմպտոմներ չունեցող հիվանդներից է վիրուսն իրեն փոխանցվել, ասում է՝ նրանցից շատերը դիմակ չեն կրում։

«Սա չեմ ուզում ասել, որ որոշ չարախոսներ ֆիքսեն, որ տեսեք դիմակը չի պատշպանում և այլ, ես ուղղակի ուզում եմ սա ասել, որ փողոցում երբեմն երբ որ ես քայլում էի, շատ էին այն մարդիկ, ովքեր դիմակ ուղղակի չէին կրում և չի բացառվում, որ ուղղակի նրանց մոտ կանգնելու արդյունքում կամ խանութում մի պահ հերթին մոտենալուց միգուցե նաև ես ինքս էլ եմ վարակել: Այսինքն չի կարելի ասել, որ թվերն իջնում են, ուրեմն վերջ, մենք բոլորս պետք է դիմակ չկրենք, ընդհակառակը», - նշեց Վանեսյանը:

Շուրջ 3 ամիս էլ «Նորք ինֆեկցիոն կլինիկական կենտրոն»-ի բժիշկ-համաճարակաբան Ելենա Սիլկան տուն չի գնացել՝ միայնակ թողնելով խնամքի կարիք ունեցող մորն ու երկու երեխաներին։ 24 ժամ շարունակ պաշտպանիչ արտահագուստով է եղել, պատմում է՝ դրանք հանելիս ոտքից գլուխ ջուր է եղել, դիմակը պարբերաբար փոխել է, պաշտպանիչ ակնոցը մեկ վայրկյան չի հանել, բայց այդուհանդերձ չի կարողացել խուսափել վարակից։ Մեկուսացել է հիվանդանոցին կից հյուրանոցում։ Ասում է՝ այդ օրերին ցավերն այնքան անտանելի են եղել, որ միայն հանգստացնող դեղ ընդունելուց հետո է կարողացել տեսազանգով շատ կարճ խոսել ընտանիքի անդամների հետ, որոնք այդպես էլ չեն գուշակել, որ նա վարակված է, ասել է՝ շատ հոգնած է, ուժասպառ է, բայց ոչ մի խոսք վարակված լինելու մասին:

«Ի վերջո հուզվում էի շատ, և այդ կապը շատ կարճ էր տևում, որպեսզի իրենք իմ հուզմունքը չնկատեն: Տղաս էր ստրեսի ենթարկվեմ, մի որոշ ժամանակ նույնիսկ հաց չէր ուտում», - պատմեց Ելենա Սիլկան:

Բժիշկ-համաճարակաբանն ասում է՝ ինքն ու իր գործընկերները ամիսներ շարունակ Covid-ի դեմ կռիվ տալուց, մարդկանց մահվան ճիրաններից փրկելուց հետո երբեմն թևաթափ են եղել, երբ լսել ու կարդացել են դիմակ չկրելու, վիրուսին չհավատալու քարոզներ: «Չեմ ընդունում այդպիսի մարդկանց, որոնք ընկնելով քաղաքականության հետևից այդպիսի հոդվածներ են հրապարակում կամ ելույթներ են ունենում, տարածում են ապատեղեկատվություն և վտանգում բնակչության առողջությունը: Դրանով իրանք միայն խանգարեցին մեր աշխատանքին», - ասաց նա:

Ելենա Սիլկան արդեն առողջացել է և վերադարձել աշխատանքի:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր՝ եթե վիրուսի տարածման ծանր շրջանում Ռուսաստանում և Իտալիայում բժշկական անձնակազմի 20-30 տոկոսն էր վարակվել Covid-ով, ապա Հայաստանում այդ թիվը տատանվել է մինչև 7-8 տոկոս։ Հարցազրույցից շաբաթներ անց նախարարությունից ասացին, որ նոր տվյալներ դեռ չունեն, թեև ընդգծեցին՝ մինչ օրս Covid-ը նաև 5 բուժաշխատողի կյանք է խլել։

XS
SM
MD
LG