2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ներկայացրեց իրեն պատկանող գույքի ու դրամական հաշիվների մասին տեղեկատվություն։
Մեկ բնակարան և երկու դրամական հաշիվ՝ նա ռուսական «Սիստեմա» ընկերության անկախ տնօրենն է։ Այդ պաշտոնում նախկին նախագահի տարեկան աշխատավարձը կազմել է 250 հազար դոլար։
«Մեկ տուն, որ ես ստացել եմ պետության կողմից, և բանկային հաշիվները երկու, որոնց բոլոր փոխանցումներն արվել են մեկ աղբյուրից` ԱՖԿ Սիստեմայից, որտեղ ես աշխատում եմ: Այդ գույքի և այդ հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել», - նշեց նա:
Այսօրվա դատական նիստին Քոչարյանի և 2008-ին նրա ենթակա, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբանները դատարանին միջնորդեցին վերացնել նրանց գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։
Պաշտոնաթող նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, թե դեռ 2018-ից Հատուկ քննչական ծառայության քննիչ Հրաչյա Մուշեղյանի որոշմամբ արգելանքի տակ է դրվել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, բաժնետոմսերի և արժեթղթերի վրա։
Փաստաբանը շեշտեց, որ արգելանքը դրվել է` հաշվի չառնելով այն թե արդյոք երկրորդ նախագահն ունի բաժնետոմսեր, արժեթղթեր. – «Քննիչը, առանց խորանալու, թե պարոն Քոչարյանը ինչ գույք ունի, այդ գույքից որ մասն է անհրաժեշտ կալանքի տակ դնել, կամ անհրաժեշտ չի, ընդհանուր վերցրել է և ասել է` բոլոր էս տվյալներով գույք եթե կհայտնաբերվի, գույքը պետք է կալանքի տակ դրվի: Էական չի, որ էս ամեն ինչից մենակ գույք և բանկային հաշիվներ կարող են լինել: Դատարանը պետք է էս ամբողջը վերացնի, որովհետև, օրինակ, եթե պարոն Քոչարյանը վաղը ձեռք բերեց որևիցե արժեթուղթ, այդ որոշման ուժով մենք ունենալու ենք խնդիրներ»:
Սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար մեղադրվող Արմեն Գևորգյանի ողջ գույքն ու դրամական հաշվիվները կալանքի տակ են։
Միջնորդություն ներկայացրած փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ այս որոշումն իրենք բողոքարկել են դատարանում, դատարանն էլ եզրահանգել է, որ խախտվել են Գևորգյանի իրավունքները, բայց գույքը կալանքից հանելու որոշում չի կայացվել. – «Սահմանափակվում է Արմեն Գևորգյանի սեփականության իրավունքը, կայացվել է քրեադատավարական նորմերի բազմաթիվ խախտումներով: Ավելին, նախաքննական մարմնի կողմից կիրառված քրեադատավարական հարկադրանք այս միջոցը չի հետապնդել իր օրինական նպատակին, ինչը խոսում է այն մասին, որ գործ ունենք կամայական մոտեցման հետ, և քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը իրականում կիրառվել է որպես պատիժ»:
Արմեն Գևորգյանը թվարկեց, թե մասնավորապես ինչ դրամական հաշիվներ ունի. – «Էս պահի դրությամբ կա 11 միլիոն 61 հազար դրամ»;
Մինչդեռ դատախազները հայտարարեցին՝ թե՛ Քոչարյանի, թե՛ նրա նախկին ենթակա Արմեն Գևորգյանի փաստաբանների միջնորդությունը մերժման ենթակա է։
Պետրոս Պետրոսյանը պատճառաբանեց իրենց դիրքորոշումը. – «Հաշվի առնելով նաև մեղսագրված արարքների վտանգավորության աստիճանը, գումարի չափը, նաև գույքի էս պահին փաստացի իրավաբանական գրանցման առումով նվազ լինելու պայմաններում և կորցնելու ամբողջ գույքի վտանգի առկայության պայմաններում, բարձր է հավանականությունը, որ հենց բռնագրավման համար որպես հիմք հանդիսացող կարող է արգելանք չկիրառվելու պայմաններում այդ գույքը ուղղակի օտարվել և դատարանին զրկել հնարավորությունից դրա նկատմամբ որպես լրացուցիչ պատժատեսակ ապագայում գույքի բռնագրավում կիրառելու համար»:
Դատավորը խնդրեց Քոչարյանի և Գևորգյանի փաստաբաններին տեղեկանքներ ներկայացնել արգելանքի տակ գտնվող գույքի արժեքի վերաբերյալ, դրանց սեփականության վկայականները և բանկային հաշիվների քաղվածքները։
Այսօրվա դատական նիստին դատավորին դիմեց սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող, 2008-ին պաշտպանության փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի փաստաբանը՝ խնդրելով թույլ տալ իր պաշտպանյալին մի քանի օրով լքել Հայաստանը։ Միհրան Պողոսյանն ասաց՝ պաշտպանյալի ծնողներն ու եղբայրը հուղարկավորված են Վրաստանում և երկրից դուրս գալու նպատակը գերեզման այցելելն է։
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց թույլատրել Խաչատուրովին լքել երկիրը համավարակի այս շրջանում՝ շեշտելով՝ նման հնարավորություն կընձեռնի հետագայում։ Հաջորդ դատական նիստը օգոստոսի 4-ին է։