Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 16,3 միլիոնին, համաճարակի սկզբից ի վեր մահացել է գրեթե 649 հազար մարդ, բուժվել է 9,4 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Մեքսիկայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում: Առավել տագնապալի իրավիճակ է Հարավային Աֆրիկայում:
Հյուսիսային Կորեան հայտարարել է երկրում Covid-19-ի առաջին հնարավոր դեպքի մասին: Ըստ պաշտոնական վարկածի, վարակը կասկածվում է Հարավային Կորեայից հայրենիք վերադարձած քաղաքացու մոտ:
Covid-19-ի նոր դեպքերի թիվը կրկին աճում է Իսպանիայում: Կատալոնիայում կինոթատրոններն ու համերգասրահները, գիշերային բարերն ու ակումբները երկու շաբաթով փակվում են: Եվրոպական այլ երկրների իշխանությունները վերականգնում են պարտադիր երկշաբաթյա կարանտինը Իսպանիայից վերադարձածների համար և կոչ անում քաղաքացիներին զերծ մնալ այս երկիր ճանապարհորդելուց:
Ֆրանսիայում փորձագետներն անհանգստացած են վերջին շրջանում գրանցված նոր դեպքերով: Մի շարք շրջաններում հիվանդության նոր օջախներ են ի հայտ եկել: Խոսքը դեռ հիվանդության երկրորդ ալիքի մասին չէ, սակայն փորձագետները զգուշացնում են, որ անհապաղ պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել նոր բռնկումից խուսափելու համար:
Ղրղըզստանում հուլիսի 30-ին սուգ է հայտարարված կորոնավիրուսից մահացածների համար: Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում համաճարակի զոհ է դարձել 1277 մարդ: Բանտային հիվանդանոցում շաբաթ օրը մահացել է ցմահ բանտարկության դատապարտված իրավապաշտպան Ազիմժան Ասկարովը, պաշտոնապես՝ «արտահիվանդանոցային թոքաբորբից»: