Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները, այդ թվում սահմանային ստուգումները` կորոնավիրուսի վարակի նոր բռնկումների վտանգը կանխելու համար:
Ֆրանսիայում, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ օրում արձանագրվել է վարակի 1130 դեպք, հայտնաբերվել է 11 նոր օջախ: Տարածումը զսպելու համար կառավարությունը որոշել է թեստավորել բոլոր նրանց, ովքեր Ֆրանսիա կգան համաճարակային բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Թուրքիայից ու Իսրայելից:
Իսպանիայում անցած 24 ժամում գրանցվել է վարակի 922 նոր դեպք, մեծ մասը` մայրաքաղաքում, Կատալոնիայում և Արագոնում:
Իրավիճակը մտահոգիչ է նաև Գերմանիայում, որտեղ երեկ մեկ օրում 815 դեպք է գրանցվել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունիսի սկզբից ի վեր:
Ավստրիայում, արձագանքելով օր-օրի ավելացող դեպքերին, կառավարությունը որոշել է կրկին պարտադիր դարձնել դիմակները հանրային փակ տարածքներում, այդ թվում` խանութներում, բանկերում ու գրասենյակներում: