Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը, համաճարակի բռնկումից հետո` մինչ օրս մահացել է մոտ 645 հազար մարդ:
Վարակակիրների ու մահացածների թվով առաջատար եռյակն անփոփոխ է արդեն մի քանի շաբաթ` Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Հնդկաստան: Վերջին օրերին, սակայն, դեպքերի աճ է նկատվում նաև Եվրոպայում, ուր ամիսներ առաջ վերացրել էին կարանտինն ու անցել տնտեսության աստիճանական վերականգման:
Իսպանիայում անցած ամիս օրական վարակի 250 դեպք էր գրանցվում, մինչդեռ այս շաբաթ այդ ցուցանիշը հասել է 1500-ի: Կատալոնիայում իշխանությունները կրկին հորդորել են բնակիչներին տանը մնալ, այսօրվանից երկրամասում փակ են գիշերային ակումբներն ու կինոթատրոնները:
Դեպքերի աճ է գրանցվում նաև Գերմանիայում և Ֆրանսիայում, իշխանությունները քննարկում են նոր սահմանափակումների հնարավորությունը:
Ավստրիայում երեկվանից կրկին պարտադրվում է դիմակ կրել հանրային փակ տարածքներում, այդ թվում` խանութներում ու գրասենյակներում: