Ամերիկայի Միացյալ Նահանգներն ի պաշտոնե տեղեկացրել է, որ դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):
Անցած ամիսներին նախագահ Դոնալդ Թրամփը հանրային ելույթներում մի քանի անգամ խոստորեն քննադատել է կառույցի աշխատանքը կորոնավիրուսի հարցում:
Վաշինգթոնն այդ որոշման մասին հուլիսի 6-ին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:
ԱՀԿ-ից դուրս գալու կարգի համաձայն, որոշումն ուժի մեջ կմտնի ծանուցումից մեկ տարի անց՝ 2021 թվականի հուլիսին:
Միացյալ Նահանգներն ԱՀԿ-ի ամենախոշոր ներդրողն է և ապահովում է կազմակերպության բյուջեի 15 տոկոսը:
Թրամփն ԱՀԿ-ին քննադատել է համավարակին ուշացումով արձագանքելու, կորոնավիրուսի վտանգավորության և տարածման բարձր տեմպի մասին Չինաստանից ոչ պաշտոնական խողովակներով ստացվող արժանահավատ տեղեկություններն անտեսելու և ընդհանրապես վիրուսի հարցում Պեկինի դիրքորոշումն անվերապահորեն ընդունելու համար:
Մայիսի վերջին Թրամփը հայտարարել էր, որ Ամերիկան պատրաստ է դուրս գալ ԱՀԿ-ից:
Դրանից օրեր առաջ առաջ Թրամփն ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին հասցեագրված նամակում գրել է, թե Ամերիկան «կխզի կապերն ԱՀԿ-ի հետ, եթե առաջիկա 30 օրում այդ կառույցը չիրականացնի նշանակալի բարեփոխումներ»:
Պանդեմիայի կապակցությամբ սահմանված արգելքների հետևանքով տուժել է ԱՄՆ-ի տնտեսությունը: Տասնյակ միլիոնավոր մարդիկ զրկվել են աշխատանքից:
Եթե համավարակից առաջ՝ 2020-ի տարեսկզբին, Ամերիկայում անցած կես դարի կտրվածքով գործազրկության ամենացածր ցուցանիշն էր՝ 3,5 տոկոս, ապա արդեն ապրիլին այն հասել է 15 տոկոսի:
Միացյալ Նահանգներում վարակվածների թիվն անցել է 3 միլիոնը, մահացել է ավելի քան 130 հազար մարդ:
Նոյեմբերին վերընտրվելու համար պայքարող Թրափմն այդ ամենի արդյունքում քաղաքական առումով անբարենպաստ վիճակում է հայտնվել է:
Նրա ընդդիմախոսներց շատերը պնդում են, որ հանրապետական Թրամփն ԱՀԿ-ին քննադատում է իր ձախողումներից ամերիկացիների ուշադրությունը շեղելու համար:
Նախկին փոխնախագահ, նոյեմբերին կայանալիք ընտրությունններում Թրամփի հավանական դեմոկրատական մրցակից Ջո Բայդենը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում Ամերիկան կվերադառնա ԱՀԿ:
Դեմոկրատական սենատոր Բոբ Մենենդեսը Թվիթերում գրել է, թե ԱՀԿ-ից դուրս գալու Թրամփի որոշման հետևանքով «ամերիկացիները կմնան հիվանդ, իսկ Ամերիկան՝ միայնակ»:
Սենատի առողջապահութան հանձնաժողովի հանրապետական նախագահ Լամար Ալեքզանդերը հայտարարել է, որ Թրամփի որոշումը «ծանր հարված կհասցնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ստեղծելու համար անհրաժեշտ կլինիկական հետազատություններին»:
Վարակիչ հիվանդությունների հետազոտության ամերիկյան ընկերակցության նախագահ Թոմաս Ֆայլի փոխանցմամբ էլ, «նույնիսկ դժվար է պատկերացնել, թե որքան անխոհեմ և անհեռատես է Թրամփի որոշումը»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Ամերիկայի դուրս գալու վճիռը դատապարտել են ոչ միայն ամերիկացի, այլև մեծ թվով օտարերկրացի գիտնականներ:
ԱՀԿ-ն դեռ մայիսին ափսոսանք է հայտնել կառույցից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրության առթիվ, սակայն Վաշինգթոնի հետ հանրային բանավեճի մեջ չի ներքաշվել:
Իսկ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը ճեպազրույցում ընդգծել է, որ բոլորին սպառնացող վտանգի՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար աշխարհը պետք է համերաշխ և միասնական լինի:
«12 շաբաթ պահանջվեց, որ վարակվածների թիվը հասնի 400 հազարի, մինչդեռ միայն անցած շաբաթավերջին գրանցվեց ավելի քան 400 հազար նոր դեպք: Համավարակի տարածումն արագանում է, վստահ կարելի է ասել, որ մենք դեռ չենք հասել համավարակի գագաթնակետին», - ասել է Գեբրեյեսուսը: