Մատչելիության հղումներ

ԱԹՍ-ների դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ենք ունեցել. Արծրուն Հովհաննիսյան


«Հայկական զինված ուժերը, իհարկե, իրենց դիրքերն ամրապնդեցին բոլոր իմաստներով», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավոք, Տավուշի հատվածում մենք շատ բնակավայրեր ունենք, և դիրքերի կոնֆիգուրացիան բոլոր առումներով չի, որ բարենպաստ է, և հակառակորդը ունի միջոցներ, որոնցով կարող է հասանելի դարձնել գյուղերը: Խնդիրը միայն այս երկու-երեք գյուղերը չեն, որոնց մասին այս պահին խոսում էինք», - ասաց Հովհաննիսյանը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ դիրք են գրավել հայերը և կարելի՞ է ասել, որ նախկինում այդ դիրքը մեր վերահսկողության տակ չէր, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Զինվորականների գործողությունների ընթացքում այնքան էլ ճիշտ չի որոշակի փոփոխությունների մասին խոսել: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ՀՀ տարածքում լիովին ազատ են որոշակի առաջխաղացումներ իրականացնելու, և այդ ամեն ինչը միայն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ավելի ամրապնդելու համար»:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ ԱԹՍ-ների դեմ պայքարում ՀՀ զինված ուժերը աննախադեպ հաջողություններ են ունեցել. «Խոսքը միայն Hermes 900-ի խոցման մասին չի, չնայած միայն դա առանձին վերցրած մեծ իրադարձություն է: Մեր զինված ուժերի համար սա փայլուն հաղթանակ էր, որովհետև մեր զինված ուժերը ցույց տվեցին, որ ադրբեջանական ցամաքային զորքերի, օդուժի ամենաէլիտար հատուկ ստորաբաժանումների նկատմամբ տարան փայլուն հաղթանակ, պատճառելով զգալի կորուստներ և վնասներ: Փաստացի հակառակորդը կրելով բազմապատիկ ավելի մեծ թե՛ քանակական, թե՛ ռանգային, աստիճանական կորուստներ, ուղղակի կարելի է ասել ջախջախվեց էս ռազմագործողության ընթացքում», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Վիրավորների վիճակի մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը հայտնեց, որ այս պահին կա հինգ վիրավոր, որ ստանում է ստացիոնար բուժում, չորսի մոտ կա դրական դինամիկ, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ առանց որևէ դրական տեղաշարժի:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG