Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ունեցած իր ելույթում։
Հայաստանի վարչապետը ներկայացրել է իրավիճակն ու հայտարարել՝ չնայած համավարակին, չնայած միջազգային հանրության հայտարարություններին, Ադրբեջանը սադրանքների է գնում. - «Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
Ցավոք, սադրանքները շարունակվում են առայսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ հակամարտությունն ուժային լուծում չունի, սահմանային լարվածությունը չի կարող ստիպել Հայաստանին չհիմնավորված միակողմանի զիջումների գնալ։
«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին», - նշեց նա:
Սա կորոնավիրուսի համավարակի պատճառով երկար դադարից հետո ԵԱՏՄ երկրների վարչապետերի առաջին հանդիպումն էր և Փաշինյանի առաջին արտասահմանյան այցը: Հայաստանի վարչապետը գոհունակություն հայտնեց, որ Եվրասիական միությունը պատվով է դիմագրավել այս փորձությանն ու ապացուցել է իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում։
«Հանձնաժողովը ոչ մի վայրկյան չընդհատեց իր գործունեությունը: Իսկ Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը, որոնք անցկացվել են տեսակապի միջոցով, ոչ միայն մեզ հնարավորություն տվեցին փոխանակվել մեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, այլ նաև թույլ են տվել շարունակել հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, որոնք սկզբունքային նշանակություն ունեն մեր ինտեգրացիայի ապագայի համար», - հայտարարել է Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով հատկապես Ռուսաստանի վարչապետին՝ անխափան տրանսպորտային կապ ապահովելու և բելառուսական ավիաընկերությանը՝ Հայաստան իրականացրած կանոնավոր չվերթների համար, այն դեպքում, երբ մնացած բոլոր ավիաընկերությունները դադարեցրել էին իրենց գործունեությունը Հայաստանում:
Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգին, ապա քննարկվել են առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, սննդի անվտանգության և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ ու նաև գազի ընդհանուր շուկա ստեղծելու հարցը։ Այս թեման Փաշինյանը հատկապես ընդգծել է՝ նշելով, որ գոհ է կատարված աշխատանքներից. - «Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքները կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը և ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման է»:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ հերթական հանդիպումը Հայաստանի վարչապետը հայտարարեց` պատրաստ է հյուրընկալել, այն կկայանա Երևանում այս տարվա հոկտեմբերին:
Նիստից հետո Փաշինյանի հետ առանձին հանդիպում է ունեցել նաև ԵԱՏՄ վարչապետերին հյուրընկալած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Անկախության պալատում առանձնազրույցը Լուկաշենկոն թեթև կատակով է սկսել, ապա նաև հայտարարել է` Եվրասիական տնտեսական միությունում Բելառուսն ու Հայաստանն իրար շատ նման են, այլ անդամ պետությունների պես ռեսուրսներով հարուստ չեն, խնդիրներն էլ ընդհանուր են. - «Այս հանդիպումը կարևոր էր Եվրազեսում հարաբերությունները խորացնելու համար, որքանով ինձ տեղեկացրել են՝ շատ լուրջ քննարկում է եղել, և Դուք էլ եղել եք այդ քննարկումների շարժիչը, թե մեր, թե ձեր խնդիրները նույնական են Եվրասիական միությունում. մեր պետությունները չունեն այն ռեսուրսներն ու էներգակիրների պաշարները, ինչպես այլ երկրներ, և մեր երկրների համար ավելի դժվար է:
Ղազախստանն ու Ռուսաստանն ավելի մեծ հնարավորություններ ունեն, մենք այդ հնարավորությունները չունենք: Եվրազեսում շատ են խնդիրները, մենք չենք իրագործել այն, ինչի շուրջ պայմանավորվել էինք: Թվում է, թե սահմաններ չպետք է լինեին, սակայն բիզնեսը սահմանների և խոչընդոտների է բախվում, և դուք էլ դա զգում եք, այնպես որ, կարծում եմ` վարչապետերի հանդիպումը պետք է խթան լինի, որ այդ խնդիրները լուծվեն»։
Իր հերթին Փաշինյանը շեշտել է՝ վարչապետերի նիստը երկար է տևել, բայց արժեր, «հանդիպումը արդյունավետ է եղել, բազմաթիվ խոչընդոտներ վերացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»: «Կարծում եմ` եթե քաղաքական կամքը անհրաժեշտ մակարդակի վրա պահվի, բոլոր հարցերը հնարավոր կլինի լուծել», - հայտարարել է Հայաստանի վարչապետը: