Մատչելիության հղումներ

Ներկայացվել է Երևանի տրանսպորտի նոր ցանցի նախագիծը․ առաջարկված են «օպտիմալ լուծումներ»


Երևանի քաղաքային ավտոբուսներ, արխիվ
Երևանի քաղաքային ավտոբուսներ, արխիվ

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով WYG խորհրդատու կազմակերպության մասնագետները կարողացել են լուծել բարեփոխման հիմքում դրված կարևորագույն խնդիրը՝ առաջարկելով օպտիմալ լուծումներ։ Այդ մասին նշվել է այսօր Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 2018 թվականի առաջին նիստի ժամանակ։

Մասնավորապես, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը՝ ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։

Ըստ նախագծի՝ նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։ Բացի այդ, հաշվի են առնվել մի շարք նորմատիվներ, որոնք վերաբերում են ճանապարհների և ներկայիս կանգառահատվածների թողունակությանն ու տեխնիկական հնարավորություններին, ուղևորահոսքերի ծավալին, տրանսպորտային միջոցների ժամանման հաճախականությանը։

Նախագիծը, որը նիստի ժամանակ ներկայացրել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու խմբի անդամների կողմից և նրանց ու հանրության համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։

Նիկոյանը նշել է, որ նոր ցանցը հասարակական տրանսպորտի բարեփոխման որոշիչ փուլերից մեկն է։ «Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը։ Միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում», - ասել է փոխքաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանը իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ հասարակական տրանսպորտի մասնագիտորեն հիմնավորված ցանցի նախագծումը, որպես այդպիսին, Հայաստանում առաջին անգամ է իրականացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG