Մատչելիության հղումներ

Տրանսպորտային ցանցի բարեփոխման հարցում քաղաքապետարանը կրիայի քայլերով է առաջ գնում. Թեհմինա Վարդանյան


Կանգառ Երևանում, արխիվ
Կանգառ Երևանում, արխիվ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի համոզմամբ՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կոլապսի եզրին է։ Վարդանյանը նկատում է՝ քաղաքային նոր իշխանություններն անցած ամիսներին այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկել, միայն խոստումներ են տվել:

«Ութ ամիս շարունակ ջուր ծեծելուց հետո հայտնեցին, որ այսուհետ ավելի ինտենսիվ են աշխատելու, ավելի արագ է ծրագիրը իր ենթադրելի ավարտին հասնելու և ներկայացվելու կառավարությանը, բայց արդեն անցել է այդ առաջին և վերջին նիստից, գործող քաղաքային իշխանության անցկացրած նիստից երկու ամիս, բայց որևէ շոշափելի բան, որևէ զեկույց նոր, որևէ նոր լրամշակում մեզ չի ներկայացվել», - նշեց Վարդանյանը։

Քաղաքային իշխանությունները հապաղում են մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխմանն ուղղված հստակ ծրագրեր իրականացնել, կարծում է ավագանու ընդդիմադիր անդամը: Ասում է՝ քաղաքային նոր իշխանություններն անտեղի ժամանակ են կորցրել, այնինչ նախորդ ամիսներին արդեն իսկ կարող էին մեկնարկել տրանսպորտային նոր ցանցի բարելավման ծրագիրը։

«Քաղաքապետարանը առնվազն կրիայի քայլերով է առաջ գնում։ Դա քաղաքացու կյանքին է վտանգ սպառնում, թե աղբահանության խնդիրը կարճաժամկետ լուծում պահանջող խնդիր է և անմիջական վտանգ չի սպառնում այդ աստիճան, տրանսպորտային համակարգը միանշանակ ավելի վտանգավոր է, որովհետև երթուղային տաքսիների անվադողերն են դուրս գալիս, դուռն է պոկվում, ընկնում», - ընդգծեց Վարդանյանը։

Ավագանու անդամը թերահավատ է, չնայած քաղաքային իշխանությունների հավաստիացումներին, մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագիրն անգամ երկու տարուց դժվար թե իրականություն դառնա։

«Բառացիորեն երեկ ևս ասում էին՝ երկու տարուց կլինի տրանսպորտային.... շուրջ երկու տարուց։ Հիմա երկու տարին, կարծում եմ, կանցնի, եթե էս տեմպերով շարունակվի, էս մոտեցումները ցուցաբերվեն, կանցնի ևս երկու տարի, նոր կսկսվի երկու տարվա հետհաշվարկը», - նշեց «Լույս» խմբակցության անդամը։

Մինչ այդ, ըստ Վարդանյանի, երթուղիների թիվն օր-օրի նվազում է: Ոլորտում ներդրումներ չեն արվում: Քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ հաստատեց` քաղաքային երթուղիները սպասարկող ընկերությունները գրեթե 4 տարի է` ներդրումներ չեն անում:

«Իրենք էլ սպասում են այս նոր տրանսպորտային համակարգին։ Ասեմ ավելին՝ որ մենք ունենք գործող, այս պահին, որ դուրս են գալիս օրվա մեջ աշխատելու, մոտ 900 միկրոավտոբուս, մյուս տարի 450-ը իրենցից դառնում են 15 տարեկան, որը օրենքով, ի միջի այլոց, նաև էս պահին արգելվում է, որ իրենք շահագործվեն, սա խոսում է նրա մասին, որ գծատերերը ոչ մի ներդրում չեն անում, այսինքն՝ իրենք ապագա չեն տեսնում էստեղ», - ասաց Մարությանը։

Քաղաքային տրանսպորտի նոր ցանցի կառուցման համար Բրիտանական WYG խորհրդատվական ընկերության 850 հազար դոլար արժողությամբ ուսումնասիրությունը թեև տևական ժամանակ է պատրաստ է, սակայն քաղաքապետարանից հստակ ժամկետներ չեն նշում՝ ե՞րբ ի վերջո կլուծվի քաղաքային տրանսպորտի խնդիրը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը կառավարություն, և այս պահին հավաքվում է աշխատանքային խումբ կառավարության կողմից, որտեղ պետք է քննարկվի վերջնական, այսինքն բոլոր շահագրգիռ մարմինները պետք է ներկա լինեն, իրենց ներկայացուցիչներով, որ քննարկենք վերջնական այս ծրագիրը և արդեն սկսենք ի կատար ածել»։

Քաղաքապետի պատկերացմամբ՝ քաղաքային տրանսպորտի կառավարմամբ պետք է հենց քաղաքապետարանը զբաղվի։ Մասնավոր երթուղիների սեփականատերերը համակարծիք չեն քաղաքապետի հետ։ Թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանն ասում է՝ իր գործընկերներից շատերը խուսափում են տեսախցիկի առջև խոսելուց, վստահ են՝ քաղաքապետարանը գործը մենակ գլուխ չի կարող բերել։

«Եթե իրանք ցանկանում են անեն, թող անում են անեն, էլ դրանից հետո որ գան խնդրեն, տեր չենք կանգնելու», - ասաց Աբրահամյանը։

200 միլիոն դոլար պահանջող ծրագրով նախատեսվում է գործող 111-ի փոխարեն 42 երթուղի՝ 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG