Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի նոր տրանսպորտային ցանցը մոտ 200 միլիոն դոլար կարժենա


Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում հնարավոր համարեց, որ արդեն հաջորդ տարի նոր ավտոբուսներ գործեն մայրաքաղաքում:

«2020 թվականին շուրջ 450 միկրոավտոբուս պետք է դուրս բերվի ցանցից, և հիմա գնում ենք նրան, որպիսզի արդեն նոր ցանցը ներդրվի հնի դուրս բերմանը զուգընթաց», - նշեց Կարապետյանը:

Բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը, որին դեռ նախորդ քաղաքային իշխանությունը 2016-ին պատվիրել էր տրանսպորտային նոր ցանց մշակել և դրա համար 850 հազար դոլար վճարել, ներկայացրել է նախագիծը։ Այն ներառում է ինչպես նոր երթուղիների գործարկում, այնպես էլ կանգառների վերակահավորում, էլեկտրոնային չվացուցուցակների տեղադրում։ Առաջարկվող նախագծի համաձայն, անհրաժեշտ է ձեռք բերել ավելի քան 840 նոր ավտուբուսներ:

«Դրա մեջ ներառված է նաև պահուստային թիվը, 15 տոկոսը լինելու է պահուստային: Ամեն օր երթուղի է դուրս գալու մոտ 730 ավտոբուս և շուրջ 100 տրոլեյբուս կամ էլեկտրոնային ավտոբուս», - փոխանցեց քաղաքապետի խոսնակը:

Նախագծի համաձայն, երթուղիները չեն կրկնվելու․ - «45 տոկոսը կլինի առանց տեղփոխի, քո ուզած տեղը կհասնես մեկ շարժակազմով, 37 տոկոսը ուղևորափոխադրումների կլինի մեկ տեղփոխով, կնստես կիջնես, հետո կնստես ուրիշ ավտոբուս և կհասնես քո նշանակման վայրը, և 15 տոկոսը կլինի երկու տեղփոխով»:

Ըստ քաղաքապետի խոսնակի, տրանպորտ փոխելը անհարմարություն չի պատճառի քաղաքացիներին, քանի որ էլեկտրոնային չվացուցակ է աշխատելու և հնարավոր կլինի հստակ իմանալ, թե երբ կգա մյուսը․ - «Եվ ամենակարևորը՝ էդ տեղփոխերի ընթացքում տեղփոխերի քանակի փոփոխությունից ուղևավարձը չի բարձրանա»:

Նախնական հաշվարկներով, նոր տրանսպորտային ցանցը մոտ 200 միլիոն դոլար կարժենա: Հակոբ Կարապետյանի խոսքով փորձելու են հնարավորինս քիչ վարկ վերցնել, վերցնելու դեպքում էլ՝ արտոնյալ պայմաններով։

Քաղաքապետի խոսնակը կարևորում է էլեկտրական փոխադրամիջոցների ձեռք բերումը․ - «Էլեկտրական տրանսպորտի առավելությունը նաև այն է, որ դրա ձեռք բերման հարցում քաղաքը հնարավորություն ունի նաև դրամաշնորհներ ներգրավելու, որովհետև եվրոպական կազմակերպությունները, եվրոպական կառույցներն նախընտրություն են տալիս կանաչ տրանսպորտի զարգացմանը»:

Հակոբ Կարապետյանը վստահեցմամբ՝ թեև երթուղիները սպասարկող շարժակազմը ավելի քան 2 անգամ կրճատվելու է, ցանցի ծածկույթը դրանից չի տուժի․ - «Ուղղակի մենք հիմա գիտենք, որ գործող երթուղին տարերայնորեն է ձևավորվել, գիտենք ինչ մեխանիզմներ են աշխատել: Այսինքն, ոչ թե հանրային տեսանկյունից է նպատակահարմարությունը, այլ ավելի շատ մասնավոր բիզնեսի տեսանկյունից է նպատակահարմարությունը և շահավետությունը գնահատվել»:

Քաղաքապետի խոսնակն «Ազատությանը» հայտնեց, որ փորձելու են ցանցի ամբողջական ներդրումն ավարտել երկու տարվա ընթացքում։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսքով, քաղաքային իշխանությունները ժամկետների մասով իրենք իրենց հակասում են․ - «Քաղաքապետը մի ճեպազրույցի ժամանակ ասում ա, որ մինչև երկու տարվա ընթացքում ա խնդիրը լուծվելու, մի ճեպազրույցում ասում ա՝ երկու պլուս տարի է պետք, «Ազատության» եթերում ասում ա, որ երկու տարվա ընթացքում կարողանան հազիվ ցանցի նախագիծն ամբողջությամբ պատրաստել և ավտոբուսներ պատվիրել, ամեն հարցազրույցում մի բան ա ասվել 7 ամիս շարունակ: Բայց վերջին շրջանում, ինչքան ես հասկանում եմ, քաղաքային իշխանությունը խուսափում ա հստակ ժամկետներ նշելուց»:

Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ քաղաքապետարանն արդեն սկսել է ավտոբուսներ արտադրող ընկերությունների հետ պատվերների մասով քննարկումները՝ հայտարարելով, որ բաց են բոլոր ընկերությունների առջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG