Մատչելիության հղումներ

«Մեր ողջ կարողությամբ Ադրբեջանի կողքին ենք», - վստահեցնում է Թուրքիայի ԱԳ նախարարը


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել «սթափվել»: TRT Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում նա հայտարարել է, թե «Հայաստանը, ընդլայնելով բախման գոտիները, ցանկանում է շեղել ուշադրությունը իր օկուպացրած տարածքներից»:

Պնդելով, թե մինչ օրս Հայաստանը հակամարտության կարգավորմանը ընդառաջ չի գնացել, Չավուշօղլուն աջակցություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը:

«Հայաստանի գործողություններն անընդունելի են: Թող խելքը գլուխը հավաքի: Ադրբեջանը միայնակ չէ: Որպես Թուրքիայի Հանրապետություն և թուրք ժողովուրդ, մեր ողջ կարողությամբ Ադրբեջանի կողքին ենք», - ասել է Մևլյութ Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ամեն կերպ աջակցելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը:

«Թուրքիան Ադրբեջանի կողքին է Լեռնային Ղարաբաղի և օկուպացված հարակից տարածքների հարցում Ադրբեջանի համար ընդունելի ցանկացած լուծման պարագայում», - նշել է թուրք նախարարը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ևս դատապարտել է Հայաստանի գործողությունները՝ որակելով դրանք որպես «ագրեսիա»:

«Հայաստանը թող վստահ լինի, այս հարձակումներն անպատասխան չեն մնալու», - հայտարարել է Չելիքը:

Հիշեցնենք՝ Հայաստանին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը, ինչին արդեն իսկ հակադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ իր հերթին դատապարտելով «տարածաշրջանում անկայունություն հրահրելու» Անկարայի փորձերը:

Երեկ կեսօրից հետո կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում, կողմերը հրետանային կրակ են կիրառում: Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

XS
SM
MD
LG