Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կատարած հարձակումը»:
«Մենք մտահոգված ենք, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից ի վեր այս տարածաշրջանում առկա լարվածությունը Հայաստանի հանդուգն և պարբերական հարձակումների հետևանքով բախման է վերածվել: Ավելին, այս վերջին հարձակումը իրականացվել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի սահմանագծում, այլ ուղիղ երկու երկրների սահմանին ծանր ռազմատեխնիկայի կիրառմամբ:
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ սա պարզապես սահմանի խախտում և սովորական բախում չէ, այլ անմիջական գիտակցված հարձակում Ադրբեջանի դեմ: Անկասկած, այս հարձակումը Հայաստանի կարողությունից վեր իրադարձություն է: Նպատակը սադրիչ մոտեցմամբ խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործընթացը և տարածաշրջանում բախման նոր գոտիներ առաջացնել», - հայտարարել է նա:
Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել բարեկամական Ադրբեջանին՝ շեշտելով. - «Թուրքիան երբեք չի վարանի դիմակայելու Ադրբեջանի իրավունքի, օրենքի, տարածքի նկատմամբ ամեն տեսակ հարձակմանը»: Էրդողանը ընդգծել է՝ իրենց պարտքն են համարում հարցի առնչությամբ մոբիլիզացնել համաշխարհային և տարածաշրջանային մակարդակով քաղաքական, դիվանագիտական և հասարակական բոլոր կապերը:
Էրդողանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է սեփական ժողովրդի նկատմամբ անհարգալից լինելու մեջ: Նա նշել է, թե «քաղաքական, տնտեսական, համաճարակային իրավիճակից բխող առողջապահական, ենթակառուցվածքային ու այլևայլ չլուծված խնդիրներ ունեցող երկիրը նման հարձակման գնալով առաջին հերթին անարգում է սեփական ժողովրդին»:
Թուրքիայի նախագահը ելույթի ժամանակ հերթական անգամ հիշել է Թուրքիայում աշխատող իր խոսքով տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներին՝ համոզմունք հայտնելով, թե նրանք ևս մտահոգված են «իրենց երկրի անհեռատես պահվածքի պատճառով»: Էրդողանը տարածաշրջանային երկրներին կոչ է արել սկզբունքային և անկեղծ դիրքորոշումը որդեգրել «Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից սկսած Հայաստանի ագրեսիվ և անկայունություն բորբոքող կեցվածքի նկատմամբ»: Նա հիշեցրել է, որ Թուրքիան իր ողջ կարողությամբ շարունակելու է լինել բարեկամական և եղբայրական Ադրբեջանի կողքին:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
Այսօր արդեն 2 կողմերը հայտնել են կորուստների մասին. ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Ադրբեջանը հաղորդել է իր բարձրաստիճան զինվորականների սպանվելու մասին։ Օրվա առաջին կեսին Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերի հետ մարտերում զոհվել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ դիրքավորված Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր։