Մատչելիության հղումներ

Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը. ՀՀ ԱԳՆ


Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ անդրադառնալով Թուրքիայում հնչած վերջին հայտարարություններին:

«Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ:

Պատմական առաքելության և էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

Հայաստանի ԱԳՆ-ն արձանագրել է, որ «21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների և Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում նշված է, որ «Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որևէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում»:

«Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թոյիփ Էրդողանը հայտարարել է. «Մենք մտահոգված ենք, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից ի վեր այս տարածաշրջանում առկա լարվածությունը Հայաստանի հանդուգն և պարբերական հարձակումների հետևանքով բախման է վերածվել: Ավելին, այս վերջին հարձակումը իրականացվել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի սահմանագծում, այլ ուղիղ երկու երկրների սահմանին ծանր ռազմատեխնիկայի կիրառմամբ:

Այս իրավիճակը ցույց է տալիս, որ սա պարզապես սահմանի խախտում և սովորական բախում չէ, այլ անմիջական գիտակցված հարձակում Ադրբեջանի դեմ: Անկասկած, այս հարձակումը Հայաստանի կարողությունից վեր իրադարձություն է: Նպատակը սադրիչ մոտեցմամբ խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործընթացը և տարածաշրջանում բախման նոր գոտիներ առաջացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG