Մատչելիության հղումներ

Հայաստանի անվտանգության երաշխավորը առաջին հերթին Զինված ուժերն են և հայ ժողովուրդը. «Իմ քայլ»-ի պատգամավոր


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Արդյո՞ք Հայաստանը պետք է դիմի իր ռազմաքաղաքական դաշնակցին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Հայ-ադրբեջանական սահմանին մահացու մարտերի սկզբից այդ հարցը թե՛ քաղաքական, թե՛ վերլուծական շրջանակներում ամենաքննարկվողներից է:

ՀԱՊԿ-ում չեն շտապում սատարել Հայաստանին: Երբ իրավիճակը դեռ նոր-նոր էր լարվում, ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստ նշանակվեց, անմիջապես էլ հետաձգվեց անորոշ ժամանակով, ինչին հետևեց մի հայտարարություն հրադադարի պահպանման ռեժիմն անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին: Շատերը սա դաշնակից Հայաստանի և կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի միջև հավասարության նշան դնել որակեցին:

«Ազատություն»-ը այս հարցի շուրջ զրուցել է Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ:

Ստորև՝ հատված զրույցից.

Միքայել Զոլյան. – Ես համարում եմ, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը առաջին հերթին Հայաստանի Զինված ուժերն են և, իհարկե, հայ ժողովուրդը, որը Զինված ուժերի մեջքին կանգնած է, և որևէ միջազգային կազմակերպություն՝ լինի դա ՀԱՊԿ-ը, լինի դա որևէ ուրիշ կազմակերպություն, չի կարող փոխարինել այդ անվտանգության երաշխիքները, որոնք մենք ունենք մեր Զինված ուժերի շնորհիվ:

Իհարկե, մենք աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ, միշտ չի, որ այդ աշխատանքը երևացող է, կամ, այսպես ասեմ, ավելի ուշ է երևալու, բայց նաև պետք է հասկանանք, որ միջազգային կազմակերպությունները ունեն որոշակի սահմանափակումներ, և դրանով է բացատրվում, որ որոշ դեպքերում այդպիսի երկկողմ հայտարարություններ են արվում, որ երկու կողմերին կոչեր են անում և այլն: Բայց, միևնույն ժամանակ, նաև այդ հայտարարություններն ունեն որոշակի ենթատեքստ, կան նաև որոշակի մեսիջներ, որոնք կարող է անմիջականորեն չերևան, և ես կարծում եմ, որ այս պահին մենք չենք կարող ասել, որ ինչ-որ լուրջ խնդիր ունենք այս առումով: Այսինքն, աշխատանքը շարունակվում է:

Եվ այստեղ նաև ես կասեի, որ հենց միջազգային կազմակերպությունների շահերից է բխում, որպեսզի նանք ավելի հստակ արտահայտվեն: Ի վերջո, մենք մեր հարցերը ամեն դեպքում կլուծենք, բայց այդ կազմակերպությունների հեղինակությունը կարող է և տուժել, եթե նրանք ոչինչ չասող ինչ-որ հայտարարություններ անեն:

Այնպես որ, այս առումով աշխատանքը շարունակվում է:

«Ազատություն». – Եվ Դուք կարծում եք, որ այս պահին մենք չունենք դրա կարիքը:

Զոլյան. - Ես ասում եմ՝ մեր անվտանգության երաշխավորը մենք ենք:

XS
SM
MD
LG