Մատչելիության հղումներ

«Որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում». վարչապետն անդրադառնում է սահմանին տեղի ունեցածին


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Կառավարության արտահերթ նիստի սկզբում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին:

«Երեկ՝ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը: Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը», - հայտարարեց Փաշինյանը:

«Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարութամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ», - շեշտեց վարչապետը:

«Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում: Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտն իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով:

Հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է` նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների:

Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ստացվում է, որ որքան տարածվում է համավարակն Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը:

Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է», - ասաց պետության ղեկավարը՝ վստահեցնելով, որ «որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում»:

«Նաև կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր զինված ուժերին՝ զինվորներին, հրամանատարներին, ովքեր այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, և մեզնից յուրաքանչյուրն այդ թիկունքի մի մասնիկն է:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին. այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը Հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նախօրեին տեղի ունեցածի և այսօրվա իրավիճակի մանրամասները ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. – «Երեկ ժամը 12.30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրքը: Կրկնում եմ, և դա շատ կարևոր է, որպեսզի բոլորը իմանան, որ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանի վրա: Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելուց ստանում են հրահանգ. հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով, կոչ են անում լքել տարածքը, որը և իրականացվում է: Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է: Մինչ այժմ, պարոն վարչապետ, զեկուցում եմ, որ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15, 25 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը ժամը 03.30-ից մինչև 05.30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ»:

«Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պաշտպանությունը: Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է», - շեշտեց Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

Վարչապետը փոխանցեց. - «Երեկվանից՝ գիշերը նաև կապի մեջ ենք եղել մեր միջազգային գործընկերների հետ, տեղեկացրել ենք իրավիճակի վերաբերյալ և շարունակում ենք այդ հաղորդակցությունը»:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասնեց. - «Երեկվանից արդեն մենք մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղեկատվության փոխանակման և համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է և հիմա էլ է շարունակվում: Դրան զուգահեռ՝ մենք նաև կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և նաև ՀԱՊԿ անդամ պետությունների հետ: Սա նույնպես շարունակական է, և, բնականաբար, այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է և ընթացիկ է: Մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք ընթացքի, բոլոր այն զարգացումերի մասին, որ տեղի են ունենում այդ ուղղությամբ»:

«Շատ լավ: Այնուամենայնիվ, արձանագրենք, որ Հայաստանի Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին, և որևէ կասկած չկա, որ մենք, մեր Զինված ուժերն ի վիճակի են և կպահպանեն Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը», - ամփոփել է վարչապետը:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG