Մատչելիության հղումներ

Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկ, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկ, արխիվ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում», - գրում է ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում:

Կիրակի օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների՝ ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձի մասին: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, «սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել»: Հայկական կողմը հայտնել է, որ կորուստներ չի ունեցել, իսկ ադրբեջանական ՊՆ-ն հաղորդել է 3 զոհի և առնվազն 4 վիրավորի մասին:

Ուշ երեկոյան Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը 82 մմ ականանետից և տանկից վերսկսել է հրետակոծել այն նույն դիրքի ուղղությամբ, որտեղ ավելի վաղ ՈւԱԶ-ով ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էր կատարել:

Ժամեր անց ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրեց, որ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն, հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են:

XS
SM
MD
LG