Մատչելիության հղումներ

Հակառակորդի բոլոր փորձերը չեզոքացվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ


Տավուշի մարզում տեղակայված հայկական ԶՈՒ ստորաբաժանում, արխիվ
Տավուշի մարզում տեղակայված հայկական ԶՈՒ ստորաբաժանում, արխիվ

«Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են», - Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ ՊՆ խոսնակը հաղորդում է. - «Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները»։


Մոտ երկու ժամ առաջ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը 82 մմ ականանետից և տանկից վերսկսել է հրետակոծել այն նույն դիրքի ուղղությամբ, որտեղ այսօր ավելի վաղ ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էր կատարել:

Կիրակի օրը ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, «սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել»:

Հայկական կողմը հայտնել էր, որ կորուստներ չի ունեցել, իսկ ադրբեջանական ՊՆ-ն հաղորդում է արդեն 3 զոհի և առնվազն 4 վիրավորի մասին:

XS
SM
MD
LG